«Լրտեսվող Հայաստան». ցուցահանդես ՆՓԱԿ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 10, 2010 22:08

Այսօր Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոնում ( ՆՓԱԿ) բացվեց Այլընտրական Արվեստի երիտասարդական փառատոնի 12-րդ  ամենամյա ցուցահանդեսը, որին ներկայացված էր մինչև 30 տարեկան 58 հեղինակի ավելի քան 100 ստեղծագործություն:

Ցուցահանդեսը կրում է «Լրտեսվող Հայաստան» խորագիրը, որի փակագծերը բացում է համադրող Սեդա Շեկոյանը:

«Ցուցահանդեսի կենտրոնական գաղափարն այն է, որ արվեստագետը դիտարկվում է որպես լրտես,- ասում է Սեդան,- լրտես, որը լրտեսում է իրականությունը և հասու է դրան: Իսկ սովորական լրտեսի ու արվեստագետ լրտեսի տարբերությունն այն է, որ վերջինս լրտեսում է անհայտ հայրենքի համար: Հեղինակը լրտեսում և լրտեսվում է դիտողների կողմից:Ամեն ինչ գաղտնիք է, որ բացվելու և հանգուցալուծվելու կարիք ունի»:

Ցուցահանդեսի մասնակից Արսեն Պետրոսյանը ներկայացրել էր կավից պատրաստված իր սիրելի կոշիկները, որոնք պատկերում էին քայլք:

«Իմ կյանքում կար մի ժամանակ, երբ ես ամեն հանդիպսւմների ու գործերի միշտ գնում էի այդ կոշիկներով,- ասում է Արսենը,- ու դրանք էնքան հարազատ էին դարձել իմ համար, որ մաշվելուց հետո էլ ես իրանց դեռ պահում էի : Այդ կոշիկները իրենց մեջ կրում են այն հիշողությունը, որոնք հագիս ես ապրել եմ այդ ժամանակները»:

Նկարիչ, արվեստաբան Արման Գրիգորյանը հույս հայտնեց, որ արվեստագետների այս նոր սերունդը կարողանա փոխել սովետական տարիներից ժառանգություն մնացած մշակութային ինստիտուտը, որովհետև շատ կարևոր է այն միջավայրը, որտեղ ձևավորվում ու զարգանում է արվեստագետի միտքը:

«ՆՓԱԿԻ այս ալտերնատիվ ցուցահանդեսները շատ կարևոր են երիտասարդ տարիքի ստեղծագործոների համար, որովհետև սա իրենց պրպտումների ու որոնումների տարիքն է,- ասաց Գրիգորյանը,- և ես հույս ունեմ, որ այս սերունդը կկարողանա անել մշակութային հեղափոխություն, որը որ չհաջողվեց մեր սերնդին»:

Դիտվել է 1707 անգամ:
Print Friendly

Leave a Reply