ՀՅԴ-ն ևս առաջադրվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2013 17:59

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեցին Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին ՀՅԴ-ի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց, ԿԸՀ-ի անդամ Սիլվա Մարկոսյանը, ՀՅԴ-ն ընտրական ցուցակում ընդգրկված է 65 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, փոխներկայացուցիչներ` ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը։

Այսպիսով` այս պահի դրությամբ ԿԸՀ-ն ստացել է 6 հայտ: Մինչ այդ առաջադրվել էին ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Առաքելության»-ը:

ՀՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

«Օրինաց երկիր» ընտրական ցուցակում ընդգրկված է 105 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 194 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Ազգային ժողովի պատգամավորներ` ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, Առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ընտրական ցուցակում ընդգրկված է 42 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Զոյա Թադևոսյանը և ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

«Առաքելության» ընտրական ցուցակում ընդգրկված է 29 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են կուսակցության քաղխորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը և Հրաչ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով` կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով: Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մարտի 11-ից մինչև մարտի 21-ի ժամը 18-ը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար ընտրական գրավի սահմանված չափը 3 մլն դրամ է:

«Փաստինֆո»

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply