Բնապահպանական նոր նախագիծ. ամանորյա եղեևնու և Ծաղկազարդի ուռենու ճյուղերը գուցե փոխարինվեն արհեստականով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2009 13:26

exevniՇուտով կստեղծվեն բնապահպանական հաղորդումներ, որոնք կհեռարձակվեն հեռուստատեսությամբ և ռադիոյով. սա հանրության բնապահպանական գիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումների նախագծի 15 կետերից մեկն է:

Նախագծի նախաձեռնողը «Սպառողների ասոցիացիա» հկ-ն է, որն ուզում է
մշակել հանրության բնապահպանական գիտակցությանն բարձրացմանն ուղղված հստակ հայեցակարգ: Ծրագրի ղեկավար Աշոտ Միրզոյանի խոսքով` նախագիծը դեռ մշակման, հստակեցման կարիք ունի, որից հետո կներկայացվի համապատասխան պետական մարմիններին, քաղաքական կուսակցություններին, Երևանի քաղաքապետին և ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովին:

Քննարկվող նախագծի կետերից մեկը նախատեսում է Ազգային ժողովում բարձրացնել հարց` բնապահպանական խնդիրները գերակա ճանաչելու մասին. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանն ասում է, որ «առաջին հերթին պետք է հասարակությունը հարգի օրենքի պահանջը, որպեսզի արդյունքի հասնենք»:

Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միության հիմնադիր նախագահ Ատոմ Սարգսյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց անկենդան բնության, երկրաբանական հուշարձանների պահպանությանը: «Այդ հուշարձանների պահպանությունը զբոսաշրջության զարգացման մեծ գրակավան է. Հունաստանն ունի մոտ 2000 երկրաբանական հուշարձան, ավելի քիչ, քան Հայաստանը, բայց այնպես է պահում ու մատուցում, որ դրանց հաշվին դարձել է տուրիստական հայտնի երկիր»,-ասում է Սարգսյանը:

Նախագծի կետերից մեկն էլ նախատեսում է ամենամյա «Կանաչ համայնք» մրցույթի անցկացում, որը, ըստ ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի, կշահագրգռի հասարակությանը մաքուր պահել բակերն ու շրջապատող տարածքները:

Նախագծում կա նաև Նոր Տարվա և Ծաղկազարդի համար կտրվող եղևնիների, ուռենու ճյուղերն արհեստականով փոփարինելու մասին կետ: Նախատեսվում է նաև «Բնապահպանական կրթություն» առարկայի դասավանդում դպրոցներում և բուհերում, ինչպես նաև բնապահպանական դաստիարակություն` նախադպրոցական հաստատություններում:

Գայանե Գալստյան

Դիտվել է 1797 անգամ:
Print Friendly

Leave a Reply