«Թո՛ղ լռեն զենքերը» Աբդուլլահ Օջալանի կոչը խաղաղության հույսեր է ներշնչել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 18:00

 Դիարբեքիրում Նովրուզի տոնական հրապարակում վերջապես հնչեցվել է Աբդուլլահ Օջալանի երկար սպասված ուղերձը: Օջալանը նախ բոլորին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ, ապա խոսել իրենց պայքարի մասին և վերջապես կոչ արել վայր դնել զենքերը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեր կռիվը ոչ մի ռասայի, կրոնի, հավատքի կամ խմբի դեմ չի եղել, չի կարող լինել: Մեր կռիվը ճնշման, տգիտության, անօրինականության դեմ է եղել: Այսօր արդեն մի նոր Թուրքիայի, մի նոր Միջին Արևելքի համար ենք արթնանում: Այսօր մի նոր շրջան է սկսվում: Զինված հակամարտությունից դուռ է բացվում դեպի ժողովրդավար քաղաքականություն: Մենք տասնյակ տարիներ այս ժողովրդին ենք նվիրել, մեծ գին ենք վճարել: Այդ զոհողություններից և պայքարից ոչ մեկը անտեղի չի եղել: Քրդերը կրկին ձեռք են բերել իրենց յուրօրինակությունը, էությունը և ինքնությունը: Թո՛ղ արդեն լռեն զենքերը և խոսեն մտքերն ու քաղաքականությունները: Թափվող արյունը, չնայելով թուրքին, քրդին, լազին, չերքեզին, մարդուց, աշխարհագրական այս սրտից է հոսում: Ես, իմ այս կոչը լսող միլիոնավոր մարդկանց վկայությամբ ասում եմ, որ արդեն մի նոր շրջան է սկսվում, ոչ թե զենքը, այլ քաղաքականությունն է առաջ գալիս: Մեր զինված տարրերը սկսել են լայներեն քաշվել սահմանից այն կողմ»:

Ինչպես նախապես հայտնի էր, Օջալանի ուղերձը կարդալու էին երկու լեզվով՝ քրդերեն և թուրքերեն: Ահա Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանը այն նախ կարդացել է քրդերենով: Ուղերձը նույն պահին թուրքերեն թարգմանել փորձող լրատվամիջոցները չեն կարողացել դա անել, քանի որ այն հնչել է անվարժ քրդերենով: «Amed News Agency»-ը այս վիճակի մասին վայրկյանական արագությամբ կիսվել է «Twitter»-ի օգտատերերի հետ գրելով՝ «Քրդերի համար պատմության ամենամեծ հայտարարություններից մեկը պատմության ամենավատ քրդերենով կարդալու պատճառով միաժամանակյա թարգմանություն չենք կարողանում անել, ներողություն ենք խնդրում»:

«Radikal»-ը հաղորդում է, որ Օջալանի հղած ուղերձից հետո քաղաքական աշխարհում մի շարք քննարկումներ են սկսվել: Մասնավորապես Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Գյուրսել Թեքինը Օջալանի ուղերձի վերաբերյալ «Մեր զրուցակիցը ոչ թե Օջալանն է, այլ Թայիփ Էրդողանը» ասելով, PKK-ի առաջնորդների կոչի մասին որևէ մեկնաբանություն չի արել: «Հետաքրքրությամբ սպասում ենք հարգելի Էրդողանի և իշխանավորների կարծիքների հրապարակմանը»,-նշել է Թեքինը:

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply