Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2013 17:53

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցը մեկնարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրի շրջանակում ընթացող բակային տարածքների բարեկարգման շինհրապարակներ այցով: Քանաքեռ-Զեյթունում ևս քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով համալիր բարեկարգման ծավալուն աշխատանքների շրջանակում բակերը կապահովվեն զրուցարաններով, նստարաններով, կկահավորվեն խաղային ատրակցիոններով, ինչպես նաև մարզագույքերով:
Բակային բոլոր տարածքներում պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել կառուցապատման նախագծերն ու ընթացող աշխատանքների մանրամասները:
Ռուբինյանց 4 և 4 Ա շենքերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին տասնյակ տարիներ անխնամ մնացած բակերը համալիր բարեկարգելու նախաձեռնության համար: Քաղաքապետն էլ բնակիչներին վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երևանյան բոլոր բակերը: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է բակերում, հետևել կատարվող աշխատանքների ընթացքին:
Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում վերակառուցման աշխատանքներ էին ընթանում նաև Դրոյի 26 շենքի բակային տարածքում: Բնակիչների հավաստմամբ բարեկարգվող բակը անխնամ է եղել դեռ խորհրդային տարիներից սկսած: Նրանք իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի փոփոխությունների համար: Օգտվելով առիթից բնակիչները Տարոն Մարգարյանին են ներկայացրել նաև բակերի բարեկարգման հետ կապված իրենց առաջարկները, որոնք հենց տեղում քաղաքապետի հանձնարարությամբ ներառվել են ծրագրում. «Քաղաքապետարանը որդեգրել է հստակ քաղաքականություն: Թե այգիների և պուրակների կառուցման, և թե բակերի բարեկարգման հարցում մենք միշտ հաշվի ենք առնում մեր բնակիչների առաջարկներն ու մոտեցումները: Հաճախ հենց տեղում լսելով նրանց առաջարկները, նախագծերում որոշակի փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի կատարած աշխատանքը նախ և առաջ բնակիչների սրտով լինի ու ծառայի նրանց: Մի բան հստակ է, այն ամենը, ինչը կառուցվում է այսօր Երևանում, երևանցիների հարմարավետության ապահովման համար է»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը տեղում վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է առավել հետևողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու հարցում:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Դրոյի 8-10 շենքերի բակ, որը բոլորովին վերջերս է հանձնվել բնակիչների տնօրինմանը: Վառ գույներով ձևավորված բակի տեղում, ինչպես բնակիչներն էին նշում նախկինում ամայի ու անխնամ տարածք էր:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Պարույր Սևակի 1/2 շենքի բակում ընթացող ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն ամռանը ֆուտբոլասեր փոքրիկների տնօրինմանը կհանձնվի խաղադաշտը՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Առողջ ապրելակերպին ուղղված տարբեր ծրագրերն ու միջոցառումները նույնպես քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ծրագրային առաջնահերթություններից են և բակերի համալիր բարեկարգման ծրագրերում այս տարի ևս առանձնակի ուշադրություն է դարձվել նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցմանն ու բակերում մարզական գույքի ավելացմանը. «2013թ-ին մենք շահագործման կհանձնենք 18 ֆուտբոլի փոքր խաղադաշտեր: Անցած երեք տարիների ընթացքում մենք շահագործման ենք հանձնել շուրջ 60 ֆուտբոլի փոքր խաղադաշտ: Աշխատանքները լինելու են շարունակական և առաջիկա տարիներին մենք փորձելու ենք ընդլայնել ծրագիրը, ինչն իր հերթին կնպաստի նաև ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը: Այս տարի խաղահրապարակներին զուգահեռ, բակային տարածքները կկահավորենք նաև մեծ քանակությամբ մարզասարքերով, ինչն իր հերթին կնպաստի մայրաքաղաքում առողջ ապրելակերպի խթանմանը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply