Հայաստանի ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրում են Իրանի 19 քաղաքացիներ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 21, 2013 17:44
2012թ.-ի ընթացքում Իրանին է փոխանցվել Հայաստանում դատապարտված այդ երկրի երկու տասնյակից ավելի դատապարտյալ: Իրանի ևս 7 քաղաքացիների փոխանցելու որոշում արդեն իսկ կայացված է: Այս մասին Ազգային ժողովի մարտի 21-ի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը` ԱԺ-ի վավերացմանը ներկայացնելով 2012 թ.-ի նոյեմբերի 12-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագիրը:
Հիմնական զեկուցողը նշեց նաև, որ Իրանի քաղաքացիները հիմնականում պատիժ են կրում թմրամիջոցների ապօրինի իրացման համար: Այս պահի դրությամբ Հայաստանի ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրում են Իրանի 19 քաղաքացիներ: Կան նաև զգալի թվով նախնական կալանքի տակ գտնվող Իրանի քաղաքացիներ, որոնց գործերը գտնվում են նախաքննության փուլում:
Իրանում պատիժ կրող ՀՀ քաղաքացիներ նախկինում եղել են, սակայն այս պահի դրությամբ այդպիսիք չկան:
Փոխնախարարի հիմնավորմամբ, համաձայնագրի կնքումը հիմնականում պայմանավորված է վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ տարածքում դատապարտված ԻԻՀ-ի քաղաքացիների քանակի կտրուկ աճով: Երկու երկրների միջև սերտ համագործակցության արդյունքում Հայաստանը բարի կամքի հիման վրա փոխանցում է Իրանի քաղաքացիներին` իրենց հետագա պատիժը կրելու համար:
Համաձայնագրի կնքման նպատակը հարցն առավել համապարփակ և իրավական դաշտում կարգավորելն է: Փաստաթուղթը, մասնավորապես, սահմանում է դատապարտյալներին փոխանցելու համար կայացվող որոշումների չափանիշները և փոխանցման կարգը: «Հասկանալի է, որ մահապատժի դատապարտվածների խնդիր կա, հաշվի առնելով, որ ԻԻՀ-ում պատժատեսակներն անհամեմատ ավելի խիստ են, սակայն դա դուրս է համաձայնագրի կարգավորման առարկայից: Այն հիմնականում վերաբերվում է ազատազրկման դատապարտվածներին»,- նշեց փոխնախարարը` ի պատասխան պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցի:
Ե.Կիրակոսյանը պարզաբանեց, որ Իրանում Հայաստանի քաղաքացիներին մահապատժի դատապարտելու դեպքում, վերջիններին ցմահ ազատազրկման տեսքով հետագա պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխելու հնարավորության հարցը նպատակահարմար կլինի դիտարկել մեկ այլ համաձայնագրի շրջանակներում: «Իրանի հետ մենք ունենք ևս երկու իրավական բնույթի փոխհամագործակցության համաձայնագիր: Դրանցից մեկը հանձնման մասին է, որտեղ ունենք հնարավորություն` հանձնման նպատակով մեր քաղաքացու վերաբերյալ հարցում կատարել»,- նշեց փոխնախարարը` հավելելով, որ, «սակայն, ամեն դեպքում ԻԻՀ-ն կարող է մերժել նման հարցումը»:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
