Դինքի գործով գաղտնի վկան պատմել է այդ գործում Թուրքիայի ժանդարմերիայի մասնակցության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 17:48

Ստամբուլում լույս տեսնող ”Ակօս” թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով ի հայտ եկած գաղտնի վկան՝ «Բարըշ» ծածկանվամբ, վկայություն է տվել։

Ինչպես տեղեկացնում է “Ակօս”-ը, վկան հայտարարել է, որ մարդասպան Օգյուն Սամասթը կապ է ունեցել Տրապիզոնի նահանգի և Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարությունների հետ և օգնություն է ստացել նրանցից։

Վկան պատմել է, որ Դինքի սպանությանը մասնակցություն է ունեցել նաև Գիրեսունի Ժանդարմերիայի պաշտոնյա Դուրսուն Ալի Քարադումանը, և նախատեսվում էր սպանությունից հետո Սամասթին Արտվինի ճանապարհով Ադրբեջան փախցնել։

Գաղտնի վկան հայտարարել է, որ 2003թ.-ից մինչև սպանությունը՝ 2007թ., ժանդարմերիայի հետախուզական ստորաբաժանումները հետևել են Դինքին։

Գաղտնի վկա “Բարըշ”-ը, անդրադառնալով Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի` Տրաբզոնից Ստամբուլ գալուն, պատմել է. “Սամասթը Ստամբուլ է եկել Տրապիզոնի ժանդարմերիայի ենթասպայի ուղեկցությամբ։ Վերջինս էլ Սամասթի համար կեցության վայր է գտել, “Ակօս»”-ի շրջակայքը հետազոտել, իսկ սպանության պահը դիտել է անձամբ”։

Նա նշել է, որ Սամասթին Ստամբուլում դիմավորել է նաև Ստամբուլի ժանդարմերիայի ներկայացուցիչներից մեկը, իսկ սպանությունից հետո Արդվինի տոմս են առել, որպեսզի սպանությունից հետո փախցնեն Ադրբեջան։

Վկան պնդել է, որ Սամասթի մոտ բացի բջջայինի օգտագործվող “sim” քարտից եղել են երկու քարտեր ևս, որոնք ավելի ուշ անհետացել են։ Փոխվել է նաև սպանության զենքը: Այն զենքը, որով կատարվել է սպանությունը, և մյուս զենքը, որը հայտնաբերվել էր Սամասթի մոտ, նույնը չէ։

Բարըշը պնդել է, որ “Էրգենեկոն”-ի գործով ձերբակալված գեներալ Վելի Քյուչուքից ու Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին ղեկավար Ալի Օզից բացի սպանության հետ կապ է ունեցել նաև Գիրեսունի Ժանդարմերիայի հրամանատար Դուրսուն Ալի Քարադումանը։

“Ալի Օզին տեսակցելու հաճախ գալիս էր Վելի Քյուչուքը։ Նրանք առանձին էին հանդիպում։ Օզը սպանությունից հետո հարցաքննվող ժանդարմերիայի անձնակազմին պատվիրել էր “բերանները փակ պահել”՝ խոստանալով, որ դատավարությունը շուտով մոռացվելու է”,- պատմել է “Բարըշ”-ը:

 

 

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply