«Տարոն Մարգարյանը՝ ինչպես Մեսսին ու Ռոնալդուն ֆուտբոլի առաջին գծում, Օսկանյանը՝ ինչպես Կասիլիասը կամ Վալդեսը՝ կենտրոնական հարձակվող». Շարմազանով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2013 17:08

«Ինձ համար շատ անլուրջ է, որ ձմռանը քաղաքական քնի մեջ գտնվող քաղաքական ուժը փորձեր է կատարում արթնանալու և այնքան է քաղաքական քնի մեջ գտնվել, մոռացել է, որ կառավարությանը գրավոր հարց տալու իրավունք ունեն բոլոր պատգամավորները»,-խորհրդարանում «Անկախ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության որոշ պատգամավորների դժգոհությունը նախօրեին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ գրավոր հարցերի պատճառով ժամանակը սպառելու և իրենց բանավոր հարցերը չհնչեցնելու վերաբերյալ: «Առաջին անգամ չէ, որ նման ագրեսիա է դրսևորվում, և գիտենք, թե այդ բոլոր ագրեսիաներն ինչով են ավարտվել: Մենք ագրեսիային դեմ ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ լրագրողներին հայտնած այն կարծիքին, թե եթե վարչապետն այս կառավարության կազմով շարունակի մնալ, դա աղետ է մեր երկրի համար, Շարմազանովն ասաց. «Շատ ավելի աղետալի բաներ կան, օրինակ, որ պատասխանատվությունը քո վրայից գցում ես, երբ հայտարարում ես, որ ամենառեյտինգային քաղաքական ուժն ես, և քո շարքերն ու հասարակությունը պահանջում են, որ դու լուրջ քայլեր իրականացնես, բայց դու ընդունում ես կրավորական կեցվածք, ըտենց էլ ժողովուրդը չի հասկանում՝ դու ուր ես, ա՞ջ ես, թե ձախ, վերև՞ ես, թե ներքև»:

Ինչ վերաբերում է արտագաղթի վերաբերյալ ԲՀԿ-ից հնչող քննադատություններին, Շարմազանովը նույն ԲՀԿ-ին հարց է տալիս. «Երբ որ կառավարությունում էին և բյուջեի կատարողականներին, նախագծերին կողմ էին քվեարկում, էն ժամանակ ավելի՞ լավ էր, քան թե հիմա»:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև ավագանու առաջիկա ընտրություններին՝ նշելով, որ ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, որոնք չեն մատնաշում, թե հաջողության հասնելու դեպքում ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն, իրենք այդ հարցում շատ ազնիվ են և մատնանշել են իրենց թեկնածուին. «Դա գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Ավելին, հանրապետականն այս ընտրություններին ավելի լուրջ է նախապատրաստվելու՝ վեր հանելով նախորդ սխալներն ու թերությունները»:

Շարմազանովը համոզված է, որ ճիշտ աշխատանքի դեպքում հանրապետականի ավագանու երևանյան ցուցակը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կդառնա այս ընտրապայքարի հիմնական ֆավորիտը: Նա այս ընտրություները կարևորում է նաև նրանով, որ այն ցույց կտա, թե իրականում ով է երկրորդ քաղաքական ուժը մեր մայրաքաղաքի թատերաբեմում. «ԲՀԿ-ն ասում է՝ իմ առանցի շուրջ համախմբվեք, Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն ժողովրդի թեկնածու է համարում, այլ քաղաքական ուժեր էլ կան: Եվ քանի որ հակաիշխանական կամ ոչ կոալիցիոն գրեթե բոլոր ուժերը պիտի մասնակցեն, կարծում եմ՝ լուրջ պայքար կգնա իրական երկրորդը երևալու համար»:

Մեր դիտարկմանը, թե ինչո՞վ կբացատրեք, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պասիվ դիրք զբաղեցրեց, փոխարենը ակտիվ է ավագանու ընտրություններին, Շարմազանովն ասաց. «Նախագահականին խաղից դուրս են հայտնվել, և ես չեմ կարծում, որ խաղից դուրս հայտնված քաղաքական ուժը, անգամ եթե դա ԲՀԿ-ն է, խաղ վերադառնա գլխավոր դերակատարի պարտականություններով, իսկ երազելը վատ չէ, թող երազեն, մեկ անգամ չէ, որ մեծ ամբիցիաներ են դրսևորել, այնուհետև որևէ բան չեն բացատրել հասարակությանը»:

ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի վերաբերյալ Շարմազանովն ասաց, որ նա շատ լավ դիվանագետ է, բայց ամեն մեկը պետք է իր տեղում աշխատի: Ֆուտբոլի մեծ սիրահար Շարմազանովը պատկերավոր համեմատություն արեց. «Երբ որ Ռոնալդուն կամ Մեսսին դարպասապահ դառնան, և՛ Բարսելոնայի, և՛ Ռեալի օգտակար գործողությունների գործակիցը կնվազի: Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում համահունչ է, որպես Մեսսին ու Ռունալդուն ֆոտւբոլի առաջին գծում: Իսկ եթե Վարդան Օսկանյանին բերենք քաղաքապետ, ոնց որ՝ Կասիլիասը կամ Վալդեսը՝ կենտրոնական հարձակվող»:

Դիտվել է 1938 անգամ:
Print Friendly

Leave a Reply