Ինչքանո՞վ է հայրենիքը գրավիչ սիրիահայերի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 22, 2013 15:07

Իրականացվում են գործարարության աջակցման  ծրագրեր

Սիրիայում ծավալվող պատերազմական գործընթացների հետևանքով Հայաստանն ունեցավ մարդկանց բավական հոծ ներհոսք: Երկար տարիներ Սիրիայում բնակություն հաստատած մեր հայրենակիցները ներգաղթեցին  հայրենիք՝ ակնկալելով ստանալ պետության աջակցությունը իրենց կենսակերպն այստեղ կազմակերպելու, կացարանային և զբաղվածության խնդիրները որոշակիորեն կարգավորված տեսնելու նպատակով: Սրան բազմիցս ենք անդրադարձել: ՀՀ սփյուռքի նախարարության հայտնած տվյալների համաձայն` ժամանած սիրիահայերի թիվը մոտ 7 հազար է, որոնցից արդեն աշխատանքի է ընդունվել 300-ը:

Սիրիայում երկար տարիներ բնակություն հաստատած հայերի մեջ շատ են գործարարները, թե՛ խոշոր, թե՛ փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողները, որոնք ներգրավված են եղել տնտեսության տարբեր ճյուղերում՝ դեղագործության, թեթև արդյունաբերության, ոսկերչության և այլն: Այժմ լավագույն պահն է, որպեսզի սիրիահայ գործարարները մեր երկիրը դիտարկեն ներդրումների տեսանկյունից գրավիչ և ուղղորդեն իրենց ֆինանսական ռեսուրսները մեր տնտեսության իրական հատված:

Այս ուղղությամբ պետությունը ծրագրեր է մշակում, բայց ռեալ արդյունքներ դեռևս չկան: Խնդիր է դրված աջակցել սիրիահայ գործարար հատվածին` միաժամանակ նրանց մասնագիտական հմտությունները, ողջ ներուժն ու ռեսուրսներն արդյունավետորեն տեղաբաշխելով տնտեսության մեջ: Թե ինչ որոշակի միջոցառումներ են իրականացվում Հայաստանի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, մանրամասնում է  Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ)  տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Ի դեպ, վերոնշյալ ծրագրերն իրականացնում է հենց ԶՀԳ-ն: Նպատակ է դրված օգնել սիրիահայ գործարարներին սեփական ձեռնարկությունները բարեհաջող Հայաստան տեղափոխելու գործում:

Ծրագիրը բաղկացած է երկու մասից: Գործընթացներից առաջինն ուղղված է աշխատատեղերի ապահովմանը, իսկ երկրորդը՝ Հայաստանի ներդրումային հնարավորությունների  ներկայացմանը: Այսինքն՝ դիտարկվում են տնտեսության այն հատվածները, որոնք հեռանկարային են և շահավետ` ներդրումներ ներգրավելու համար:

Այս բնագավառում սերտ հմագործակցություն է  սկսվել սփյուռքի նախարարության, ՓՄՁ զարգացման ծրագրեր իրականացնող կառույցների, առևտրաարդյունաբերական պալատի և ԶՀԳ -ի միջև: Ծրագրի բաղադրիչներից է նաև վերապատրաստման գործընթացը:  Հայ գործարարների մասնակցությամբ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց  ընթացքում սիրիահայ գործարարներին է  ներկայացվել Հայաստանի օրենսդրական դաշտը, գործարար միջավայրը և այլն: «Այդ աշխատանքները նրանց հնարավորություն ընձեռեցին ինչ-որ առումով վերապատրաստվել և պատկերացում կազմել իրենց բիզնես նախագծերն այստեղ կազմակերպելու հնարավորությունների մասին: Կան մարդիկ, որոնք արդեն Հայաստան են տեղափոխում իրենց բիզնեսները: Մեր հիմնական նպատակն  է նրանց բիզնեսի կազմակերպման հարցում այլ տեսանկյուններից աջակցություն ցուցաբերելը: Ասինքն՝ կատարում ենք բացատրական աշխատանքներ ընկերությունների գրանցման, կազմակերպչա-իրավական հարցերի, աշխատուժի օրենսդրական  և հարկային դաշտի հետ կապված խնդիրների պարզաբանման վերաբերյալ: Բացի այդ, հնարավոր ենք դարձնում նրանց համար կայուն և վստահելի գործընկերներ գտնելը: Մենք այդ ոլորտում շատ ինֆորմացիա ունենք և կարող ենք նրանց ուղղորդել այս հարցում ևս: Մեր խորհուրդներով կարող ենք նպաստել, որ համատեղ ստեղծվելիք ձեռնարկություններն առաջիկայում խնդիրներ չունենան: Մեր հիմնական գործառույթը` այս առումներով, նրանց աջակցելն է, ընդհուպ մինչև աշխատակիցներ որոնելը»-, նշեց Ռոբերտ Հարությունյանը:

Հատկապես տնտեսության ո՞ր ոլորտներով են հետաքրքրված մեր հայրենակիցները: ԶՀԳ-ի տնօրենը մատնանշեց դեղագործությունը, թեթև արդյունաբերությունը, ոսկերչությունը և էներգետիկայի ոլորտները: «Մենք վերջերս այդ ոլորտի մեր ընկերությունների հետ քննարկում էինք, թե որքանով արդյունավետ կարելի է օգտագործել սիրիահայերի՝ միջին Արևելքում ունեցած կապերն ու հնարավորությունները թեթև արդյունաբերության ոլորտում առկա արտադրանքն արտահանելու համար: Այս պարագայում խոսքը վերաբերում  է նաև նրանց տեխնոլոգիաների կիրառմանը, մարդկային ռեսուրսների հմտություններին և այլն: Այս ծրագիրը շարունակական է, և մեր  նպատակն է նրանց գործարար նախագծերը Հայաստանում կազմակերպելու գործընթացներին աջակցելը»:

Դեղագործության ճյուղը նրանց համար դիտարկվել է հեռանկարային ոլորտ, և  նրանք համոզված են, որ Հայաստանում արտադրանք թողարկելը, փոքր  շուկա ունենալու պարագայում, պետք է արտահանման ուղղություն ունենա: Փորձ է արվում Հայաստանում առավելագույնս արդյունավետ օգտագործել սիրիահայերի մասնագիտական փորձն ու հմտությունները: Նրանք էլ, հատկապես դեղագործության ոլորտում, փորձում են օգտագործել իրենց կապերը միջազգային շուկաների հետ:  «Այս գործոնը, բնականաբար, շատ է  ոգևորում հայկական ընկերություններին, որոնք կկարողանան այդ խողովակի միջոցով իրենց արտադրանքը ցուցադրել և հանել արտաքին շուկա»,- լավատեսությամբ ասաց Ռ.Հարությունյանը:

Ներկա պահին սիրիահայերի թվում կան 100-150 գործարարներ, որոնք համախմբված տարբերակով ուսումնասիրում են մեր երկրի ներդրումային բոլոր հնարավորությունները: Սիրիահայերից շատերն այնտեղ ներգրավված են եղել ամենատարբեր բնագավառներում: Նրանցից շատերը զբաղվածություն են ունեցել ավտոմեքենաների առքուվաճառքի, դրանց վերանորոգման, ինչպես նաև ավտոպահեստամասերի մատակարարման աշխատանքներում: Ռոբերտ Հարությունյանի տեղեկացմամբ` նրանցից շատերն իրենց հայրենիքում  արդեն նույն ոլորտում աշխատանք են գտել: Սիրիահայերից շատերը մեծ փորձ ու կարողություններ ունեն նաև ոսկերչության բնագավառում և բավական որակյալ մասնագետներ են: Նրանցից լավագույններն արդեն աշխատանքի են անցել Երևանի ոսկերչական գործարանում:

Սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպված հանդիպումների ժամանակ տեղաբնակ հայ գործարարներից շատերը  պատրաստակամություն են հայտնել իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերում հենց սիրիահայերին ընդգրկելու: Նույնիսկ որոշ գործարարներ, հասկանալով նրանց խնդիրները, հանդես են եկել նոր հաստիքներ ստեղծելու առաջարկով՝ շեշտը դնելով հատկապես նրանց զբաղվածությունն ապահովելու խնդրի վրա:

Հայաստանում գործարարություն սկսելու հեռանկարներից զատ, նրանք փորձել են կառավարության անդամներին ներկայացնել նաև այն խնդիրները, որոնք  որոշ խոչընդոտներ  են ստեղծում իրենց գործունեությունը հայրենիքում իրականացնելու գործում: Արդեն իսկ ծագած առաջին խնդիրը  վերաբերում է թեթև արդյունաբերության ոլորտին: Նրանց համար Սիրիայում պատրաստի հումքի ձեռքբերումը խնդիր չէր, իսկ Հայաստանում իրավիճակն այլ է: Գործարարը արտադրանք թողարկելու համար անհրաժեշտ հումքը ներմուծում է պատվիրված երկրից, ինչն անարդյունավետ է դարձնում աշխատանքը ֆինանսական հավելյալ ծախսերի և ժամանակի կորստի հետևանքով: Ներկայումս, ինչպես վստահեցրեց զրուցակիցս, քննարկումներ են ընթանում համապատասխան կառույցների և ասոցիացիաների հետ` այս խնդրի հավանական լուծումներ գտնելու նպատակով:

Առաջիկայում կստեղծվե՞ն արդյոք համատեղ ձեռնարկություններ, և ինչքա՞ն ներդրումներ կարվեն Հայաստանի տնտեսության մեջ: Դեռևս պարզ չէ, քանի որ այս պահին դեռևս դիտարկվում են բոլոր հնարավորությունները, և ընթանում են ուսումնասիրություններ: Թե որ ոլորտներ կնպատակաուղղվեն մեր հայրենակիցների ֆինանսական ռեսուրսները, պարզ կդառնա առաջիկայում: Բայց եթե խոշոր գործարարներին, ի վերջո, հաջողվի իրենց բիզնեսը հայրենիք տեղափոխել, ապա  մոտ հեռանկարում դա կարող է մի շարք դրական փոփոխությունների հանգեցնել թե՛ տնտեսության մեջ նոր արտադրության ստեղծման, թե՛ նոր աշխատատեղերի ստեղծման առումով: Սակայն հարց է` արդյոք մեր երկրի տնտեսությունը կգրավի՞ նրանց:

 

Լ.Ն

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply