Թրոմբոզ.մարտյան խնդիր

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 27, 2013 15:03

Անոթների ու երակների մասին խոսելիս ավելորդ չէ հիշել մի լուրջ հիվանդության մասին, որն աննկատ է առաջանում ու առանց  ախտանշանների զարգանում: Սակայն, եթե չկարողանանք ժամանակին ճանաչել այն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել, ապա հետևանքները կարող են տխուր լինել, ընդհուպ մինչև մահվան ելքը: Այդ հիվանդությունը թրոմբոզն է:

Թրոմբոզի դեպքում արյան  անոթների մակերեսին գոյանում են արյան մակարդուկներ (թրոմբներ), որոնք խանգարում են արյան նորմալ հոսքին ու ժամանակի ընթացքում կարող են լրիվ խցանել անոթը կամ տեղից պոկվել ու անկանխատեսելի հետևանքների հանգեցնել: Արյան շրջանառության խանգարման հետևանքով  երբեմն կատարվում է թրոմբի գտնվելու հատվածի  հյուսվածքների մեռուկացում: Եթե թրոմբը ինչ-ինչ պատճառներով պոկվում է զարկերակից ու արյան հոսքի հետ հայտնվում սրտում, ապա սրտից էլ այն կարող է արյան հոսքով ընկնել թոքեր ու հանգեցնել լուրջ բարդության, ինչպիսին է թոքերի զարկերակի թրոմբոէմբոլիան է, որը լավագույն դեպքում կարող է թոքի մի հատվածի մեռուկացում առաջացնել, իսկ վատագույն դեպքում վայրկենական մահվան պատճառ դառնալ: Մեծ վտանգ է ներկայացնում նաև պոկված թրոմբի` գլխուղեղի անոթում հայտնվելու փաստը, որը հղի է կաթվածի վտանգով, լրիվ կամ մասնակի անդամալուծությամբ ու, որ ամենավատն է, կարող է ակնթարթային մահվան պատճառ դառնալ:

Մարդու զարկերակային համակարգը լրիվ ընդգրկում է մարմինը, այդ է պատճառը, որ թրոմբոզի նախանշանները տարբերելը խիստ դժվարանում է: Ամենատարածվածը ներքին վերջույթների խորադիր անոթների թրոմբոզն է, որի հատվածում կարող է փոխվել մաշկի գույնը: Սա շատ վտանգավոր է, քանի որ հիվանդությունն աննկատ է զարգանում, առանց հատուկ ախտանշանների:

Բոլորը չէ, որ ուշադրություն են դարձնում ձկնանման մկանների ցավին: Նման անտարբերությունը երբեմն տխուր ավարտ է ունենում:

Թրոմբոզի առաջացման գլխավոր պատճառը խորադիր անոթների  արյան բարձր մակարդելիությունն է:  Բժշկական հետազոտությունների համաձայն` թրոմբոզի զարգացման հավանականությունը տարիքի հետ, հղիությունից հետո (հատկապես կեսարյան հատումից), բարդ վնասվածքների, հոդերի վիրահատությունների, ավելորդ քաշի առկայության, երկարատև ինքնաթիռով թռիչքների կամ էլ հակառակը` նստակյաց վիճակի, ծխելու ու որոշ դեղամիջոցների կիրառման պարագայում  էականորեն մեծանում է:

Եթե բժիշկն ախտորոշել է խորանիստ անոթների թրոմբ, ապա բուժումը հետաձգել չի կարելի: Այն սկսվում է հստակ ախտորոշումից` հիվանդության զարգացման մակարդակը պարզելուց, թրոմբի չափսն ու տեղադրությունը, անոթի պատին ամրակայման աստիճանը (շատ կարևոր է  պարզել թրոմբը պոկվելու հավանականության աստիճանը) որոշելուց: Բժիշկների կարծիքով` այսօր լավագույն ախտորոշումը կատարվում է ֆլոբոգրաֆով (զարկերակագրով): Այդ գործողության ժամանակ հիվանդի անոթի մեջ է մտցվում  հատուկ գունանյութ, որի միջոցով մասնագետը հայտնաբերում է խնդրահարույց հատվածն ու թրոմբը:

Հիմնականում հիվանդության բուժման նպատակով կիրառվում է  դեղորայքային թերապիան, թրոմբոլիզը, վիրաբուժական միջամտությունը կամ էլ զտիչի տեղադրումը:

Դեղորայքային թերապիան ենթադրում է արյան մակարդելիությունը նվազեցնող որոշակի  դեղորայքի կիրառում (դեղորայքը չի նշվում` տվյալ հիվանդության պարագայում  սխալ ինքնաբուժման ծանր հետևանքներ չունենալու համար):

Հաջորդ եղանակի` թրոմբոլիզի ժամանակ զարկերակի մեջ է ներարկվում մի նյութ, որը լուծում է թրոմբը: Ցավոք, այս եղանակը կարող է արյունահոսության պատճառ դառնալ, ուստի այն նշանակվում է ծայրահեղ դեպքերում, երբ հյուսվածքների մեռուկացման վտանգ է առաջանում:

Զտիչներն էլ տեղադրվում են  մեծացող, կուտակվող մակարդուկների տեղում, որոնք մի կողմից են կպած զարկերակի պատին ու ցանկացած պահի կարող են պոկվել ու լուրջ բարդություններ առաջացնել:

Արդեն ասվեց, որ խորադիր անոթների թրոմբոզը լուրջ ու վտանգավոր հիվանդություն է: Մարտ ամսին ակտիվորեն ողջ աշխարհում խոսում են  այս հիվանդության  մասին:

2003-ին Իրաքի ռազմական գործողությունները լուսաբանող NBC-ի լրագրող Դևիդ Բլյումը ոչ թե  մարտի թեժ կետերում սպանվեց, այլ մահացավ ինքնաթիռում, տուն վերադառնալիս: Մահվան պատճառը խորադիր զարկերակից պոկված թրոմբն էր: Նրա կինը որոշեց իր կյանքը նվիրել հասարակայնության ուշադրությունն այդ խնդրին սևեռելով: Նրա ջանքերի շնորհիվ մարտ ամիսը համարվում է  թրոմբոզի առաջացման խնդրի նկատմամբ հատուկ ուշադրության շրջան: Այս օրերին ողջ աշխարհում մի շարք միջոցառումներ են անցկացվում մարդկանց պատասխանատվությունը սեփական առողջության հանդեպ բարձրացնելու նպատակով:

Մասնագետների կարծիքով` թրոմբոզից խուսափելու համար խորհուրդ է տրվում նախապես հոգ տանել, որ ռիսկի խմբում չհայտնվենք: Ծխելը, շատակերությունը, ֆիզիկական նվազ ակտիվությունը (ոչ պարբերական բնույթը), մեծացնում են հիվանդության առաջացման հավանականությունը: Հորմոնալ դեղամիջոցները ևս հարկավոր է ընդունել միայն բժշկի ցուցմամբ: Սուրճը (կոֆեին) և ալկոհոլը հարկավոր է նվազեցնել: Ոտքերում ցավի, շնչարգելության դեպքում էլ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

Կանխարգելման համար հարկավոր է շատ հեղուկ խմել հատկապես  նստած դիրքով երկարատև ուղևորությունների ժամանակ: Հոլանդացի գիտնականների ուսումնասիրության համաձայն` թրոմբի առաջացմանը նպաստում է  4 ժամից ավելի տևողությամբ ուղևորությունը: Ուստի, նման ճամփորդության ժամանակ ձեզ հետ թեյ կամ հանքային ջուր վերցրեք: Իսկ սուրճ խմելուց խուսափեք, քանի որ այն նպաստում է անոթների սեղմմանը, հետևաբար` նպաստում  թրոմբի առաջացմանը:

Երակների վարիկոզ լայնացումից տառապող կանանց մոտ արյան շրջանառությունը  կանոնավոր չէ, ուստի նրանց առաջարկվում է խմել ացետիլսալիցինաթթու պարունակող դեղամիջոցներ:

Ծխողները պետք է հիշեն, որ ծխելու և աթերոսկլերոզի միջև անմիջական կապ գոյություն ունի: Նիկոտինը սեղմում է անոթները, ինչն էլ թրոմբառաջացման պատճառ է դառնում: Ուստի, եթե չեք ծխում, մի էլ սկսեք, իսկ եթե ծխում եք, ապա թողեք:

Տագնապալի մարդիկ. նրանք, ովքեր միշտ չարացած են, վիրավորված ինչ-որ  մեկից, էմոցիոնալ սթրեսների հակում  և ընդհանրապես բացասական վերաբերմունք ունեն շրջապատի նկատմամբ, նրանց մոտ ադրենալինի մեծ քանակությամբ արտանետում է կատարվում անոթներում, ինչի հետևանքով դրանք նեղանում են: Փորձեք կյանքին լավատեսորեն նայել ու սիրով վերաբերվել շրջապատողներին: Սթրեսային վիճակները կարող են հանգեցնել ինֆարկտի, կաթվածի ու ճնշման բարձրացման` ենթադրվող հետևանքներով:

Ուռուցքային, բորբոքային հիվանդությունները, ինչպես նաև հորմոնալ դեղամիջոցները հանգեցնում են արյան մակարդելիության բարձրացման, հետևաբար հիմնական դեղորայքին զուգահեռ հարկավոր է ընդունել արյունը ջրիկացնող դեղամիջոց:

Եվ, վերջապես, հետաքրքիր փաստ են  հայտնաբերել հոլանդացի գիտնականները. պարզվում է` թրոմբոզով ավելի հաճախ հիվանդանում են  այն մարդիկ, որոնց հասակը գերազանցում է 1,90 սմ-ը, կամ նրանք, որոնց բոյը  հասնում է մինչև 1,60 սմ-ի:

Դիտվել է 7287 անգամ:
Print Friendly

Leave a Reply