Ճանաչված կանայք, որոնք ինչ որ ժամանակ տղամարդ են եղել

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 23, 2013 7:24

Իսկական տրանսսեքսուալները տառապում են այն պատճառով, որ ուրիշ մարմնի մեջ են ապրում…

Հոգեբանների ու հոգեբույժների բուժումն էլ օգուտ չի տալիս: Միակ տարբերակը հոգեկան ու ֆիզիկական հակասության վերացումն է վիրաբուժական միջամտությամբ: Իհարկե, բոլոր տառապյալները չեն, որ այդ քայլին են դիմում. շատերը շարունակում են  ապրել այդպես`  սեփական եսի հետ մշտական հակասության  մեջ:

Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ կայացրել են դժվարին որոշումը,  արդյունքից գոհ են: Նման դեպքերը քիչ չեն:

Սեռափոխված  ամենահայտնի հայտնին` Էյփրիլ Էշլին է: Նա ծնվել է արական սեռական օրգանով, դաստիարակվել   որպես Ջորջ Ջեյմսոն անունով տղա, սակայն հոգեկան բնութագրերով  աղջիկ էր, այսինքն` տրանսսեքսուալ:Նա   տառապում էր  դրանից ու 1960-ին վիրահատության ենթարկվեց` արական սեռի  տեսանելի դրսևորումներից ազատվելու համար: Դա սեռափոխության նպատակով արված վիրահատություն չէր, այլ ձերբազատում  սեռային «ավելորդությունից»: Դրանից հետո, սակայն, օրենքով նա  էլի տղամարդ էր համարվում:

1970-ին Էյփրիլ Էշլիի  ամուսնությունն Արթուր Կորբեթի հետ չեղյալ համարվեց  այն պատճառով, որ կենսաբանորեն Էշլին երբեք նրա կինը չի եղել, քանի որ նա իրականում տղամարդ էր ու տղամարդը չէր կարող ինչ-որ մեկի կինը լինել: Դատավորը հայտարարել է.«Կենսաբանորեն նա տղամարդ է համարվում ու տղամարդ եղել է ծննդյան օրից»:

Էշլիի համար դատարանի որոշումն  անձնական աղետ էր, ողբերգություն: Չնայած նա կայացել էր որպես մոդել, դերասանուհի, բարձրաշխարհիկ տիկին, այնուամենայնիվ, ծանր տարավ  դատարանի որոշումն ու  իր ընտրության հանդեպ հասարակության անհանդուրժողականությունը: Դա չխանգարեց նրան դառնալու դերասանուհի, մոդել: Հակառակ որոշ բժիշկների պնդման, որ տրանսսեքսուալները կարճ կյանք ունեն, Էյփրիլն այսօր 76 տարեկան է:

Սեռափոխության վիրահատություն աշխարհում առաջին անգամ կատարել է  դանիացի Լիլի Էլբեն: Մինչ վիրահատությունը նրա անունը Էյնար Վեգեներ էր: Նա և կինը` Գերդեն, նկարիչներ էին: Գերդեին բնորդելու ժամանակ Էյնարը  հասկացավ, որ իրեն դուր է գալիս կանացի հագուստը: Ու տեսքից էլ նա շատ նուրբ էր: Նա կանացի հագուստ էր կրում Կոպենհագենում պարահանդեսների ժամանակ ու հանդես գալիս Լիլի Էլբե անունով, իսկ Փարիզ տեղափոխվելուց հետո կանացի հագուստից գրեթե չէր հրաժարվում ու հավատացնում էր, որ իր մարմինը կանացի ուրվագծեր է ստանում: Նույնիսկ երբ տղամարդու հագուստ էր հագնում, նրան տղամարդու հանդերձով կնոջ տեղ էին դնում:

Բժշկական թեստերը ցույց տվեցին, որ Վեգեների օրգանիզմում կանացի հորմոնները գերազանցում են նորմը: 1927-ին նա որոշեց, որ եթե  մեկ տարում իրեն չհաջողվի բժշկական օգնություն  ստանալ, ապա ինքնասպանություն կգործի: Ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ նա հանդիպեց կանանց կլինիկայի բժիշկ Վերներ Կրոյցին, որը, ուսումնասիրելով Վեգեներին, հաստատեց, որ իրոք  նրա մոտ ձվարաններ են ձևավորվում, ու առաջարկեց հեռացնել արական տեսանելի  օրգանները ու երիտասարդ առողջ կնոջ ձվարան փոխպատվաստել: Առաջին վիրահատությունից հետո (1930-ին Գերմանիայում այն ժամանակների համար փորձարարական վիրահատություն կատարեցին`  հեռացնելով  արական օրգանները) նրա ձայնը  տենորից վերածվեց սոպրանոյի: Անգամ ձեռագիրն արտահայտիչ  կանացի դարձավ, իսկ մի քանի ամիս անց նրան ձվարաններ պատվաստեցին: Էլբեին սեռը հաստատող  նոր անձնագիր տվեցին, իսկ երրորդ վիրահատությունն արդեն կերպարանափոխման դժվարին ճանապարհին վերջինն էր, որից հետո Լիլին Գերդայի հետ վերադարձավ Կոպենհագեն, իսկ հոկտեմբերին փոխադարձ համաձայնությամբ նրանք ամուսնալուծվեցին: Գերդան ամուսնացավ իրենց ընդհանուր ծանոթներից մեկի հետ, իսկ Լիլին կապ ուներ ֆրանսիացի հին ծանոթներից մեկի հետ: Դրանից հետո նա մեկ անգամ ևս վերադարձավ Դրեզդեն` վիրահատության, որը նրան թույլ կտար երեխա ունենալ, սակայն այս վիրահատությունն անհաջող էր: Նա մահացավ հետվիրահատական բարդություններից: 1931-ին լուրեր էին շրջանառվում, թե մահը ևս նա է սարքել, որպեսզի հանգիստ կարողանա կյանքը վայելել նոր կերպարանքով:

Կոչինելը (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է` զատիկ) Ֆրանսիայի առաջին տրանսաստղն էր: 50-ականների վերջին նա ելույթ էր ունենում հայտնի «Կարուսել» գիշերային ակումբում: Երեք անգամ ամուսնացել է, պայքարել տրանսսեքսուալների իրավունքների համար, իր կերպարանափոխման մասին գիրք է գրել ու նկարահանվել ֆիլմում:

Անժելա Մորլին ծնվել է 1924-ին որպես Ուելլի Սքոթ: 70-ականներին նա փոխեց սեռը և դարձավ հաջողակ կոմպոզիտոր ու դիրիժոր: Հեռուստահաղորդումների համար գրած իր  երաժշտության համար 3 «Էմմիի» է արժանացել:

Ամանդա Լիրը` հայտնի երգչուհին ու Սալվադոր Դալիի մուսան, թաքցնում է իր տղամարդկային անցյալը: Դա բացահայտվել է Դալիի կենսագիր  Գիբսոնի փնտրտուքների արդյունքում: Նա գտել է մարդկանց, որոնք Ամանդային դեռևս հիշում էին գիշերային ակումբի պարող  Ալան Տեպ անունով: Դալին հիանում էր Ամանդայով, որն իր համար  կատարյալ հերմոֆրոդիտի մարմնացում էր:

Միմի Մարսը ճանաչված տրանսգենդերային պարուհի է, 2005-ի «Miss International Queen»-ի հաղթող:

Թայվանի քիքբոքսինգի վարպետ Նոնգ Թումը որոշեց փոխել սեռն ու վերածվեց տիկին  Պարինյա Կիաբուսաբայի: Նա Թաիլանդում դարձավ ճանաչված անձ, որտեղ, ի դեպ, հասարակությունը հանգիստ է վերաբերվում տրանսսեքսուալներին: Ռուսաստանում մանկապատանեկան մարզադպրոց հիմնադրած մարզուհու մասին նույնիսկ ֆիլմ նկարահանեցին: Սակայն բռնցքամարտիկի ձեռնոցները երկար անգործության չմատնվեցին: Նոնգ Թումը կրկին ռինգ դուրս եկավ, սակայն ոչ թե իգական սեռի ներկայացուցչի, այլ տղամարդ մրցակցի հետ` ճապոնացի  մարզիկի, որին հաղթեց:

Կառլա Անտոնելին, որը տղա է ծնվել, իսպանացի մոդել է, դերասանուհի, տրանսսեքսուալների շարժման ակտիվիստ, Իսպանիայի կառավարող սոցիալիստական կուսակցության անդամ:

Ամերիկացի դերասան, երաժիշտ, նկարչուհի Ալեքսիս Արքեթը ծնվել է որպես Ռոբերտ ու կյանքի մեծ մասն ապրել որպես Ռոբերտ, խաղացել էպիզոդիկ դերեր «Չակիի հարսնացուն» և մի քանի այլ ֆիլմերում: Սակայն հետո որոշել է, որ իր մեջ կինն ավելի շատ է,  ու դիմել է վիրաբույժներին: Նա իր նմաններին «տրեննի» է անվանում:

Քերոլայն Տուլա Կոսին սեռը փոխել է դեռևս 17 տարեկանում: Նա աշխարհի ամենահայտնի ու, «Փլեյբոյի» համար առաջինը  լուսանկարված տրանսսեքսուալներից է: Նա ծննդյան օրից էլ լիարժեք տղա չէր: Երեխան տառապում էր Քլայնֆելտերի համախտանիշով, որի դեպքում շեղումներ են առաջանում սեռական քրոմոսոմներում: Նա իր ամբողջ կայնքում պայքարում է իր նմանների իրավունքների համար: Ամուսնացել է երկրորդ անգամ: Իսկ առաջին ամուսինը բաժանվեց, երբ դեղին մամուլից տեղեկացավ նրա նախկին կյանքի մասին:

Նադիա Ալմանդան Պորտուգալիայի հեռուստաաստղ է, որը բրիտանական «Մեծ եղբայր» հեռուստաշոուհի հաղթող է դարձել 2004-ին: Նա այս աշխարհ է եկել տղայի կերպարանքով ու կրում էր Խորխե անունը: Հայրը որդու Նադիայի վերածվելու մասին իմացել է ամսագրերից:

Դանա Ինթերնեշնլը ծնվել է Թել Ավիվում` Ահարոն Կոեն անունով: 21 տարեկանում նա որոշեց վիրաբուժական եղանակով փոխել սեռը ու վերածվեց Շարոն Կոենի: 1997-ին  հաղթեց «Եվրատեսիլում» և դարձավ միջազգային աստղ: Ամուսնացել է ու շարունակում է իր երգչական կարիերան:

Ջորջիա Բեյերը աշխարհում առաջին տրանսսեքսուալն է, որը խորհրդարանի անդամ է դարձել: Նա  վիրահատվել է 1984-ին ու սկսել իր կարիերան փողոցում որպես տրանսսեքսուալ մարմնավաճառ ու մերկապարուհի:

Մեքսիկայի մշտական ներկայացուցիչ տրանսսեքսուալ Էրիկա Էնդրյուսը 2006-ին  տրանսսեքսուալների ու տրանսվեստիտների թագուհի է ճանաչվել: Մրցույթը տեղի է ունեցել Թաիլանդում: Լավագույնի կոչման համար մրցել է 24 մասնակից: Հաղթողն արժանացավ ադամանդակուռ թագի և 10 հազար ԱՄՆ դոլարի:

 Վլադիմիր Լյուքսուրիան, նախկինում` Վլադիմիր Գվադանոն իտալացի դերասան ու քաղաքական գործիչ է, հիմա նա  երկրի խորհրդարանի անդամ է կոմունիստական կուսակցությունից, միակ բարձրաստիճան տրանսսեքսուալը Եվրոպայում: Երբ նա անցավ պարտականությունների կատարմանը, խորհրդարանում աղմուկ բարձրացավ: Կանանց մի մասը վրդովված էր, որ նա կանանց զուգարան է հաճախում, ու պահանջում էին շենքում երրորդ զուգարան բացել:

Օլգա Ֆոմինան Ռուսաստանում հայտնի լուսանկարիչ է, որը լուսանկարում է փոփ աստղերին: Նախկինում նա Բորիս էր:

Հարիսուն 36-ամյա չինացի հաջողակ  մոդել է: Մինչ 2002-ը նրան կոչում էին Հի Լի Հիու, նա տղամարդ էր:

Դիտվել է 3582 անգամ:
Print Friendly

Leave a Reply