Կին գործարարներին ավելի են նախընտրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 27, 2013 7:19

Մեր զրուցակիցները կին գործարարներին հավատում են, իսկ տղամարդկանց` ոչ

Չնայած դեռ կանանց միամսյակ է, բայց, այնուամենայնիվ, թեման, որ կներկայացնենք այս համարում, կապված է զուտ աշխատանքի հետ: «Անկախը» երկար ժամանակ լրագրողական հետաքննություն էր իրականացնում՝ արդյոք կի՞ն, թե՞ տղամարդ ղեկավարներն են ավելի հուսալի, գործարարության մեջ կարևո՞ր է մարդու սեռը: Մեր զրուցակիցները տարբեր ընկերությունների աշխատակիցներ են:

ԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՆԱՅՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱԳՈՒԿԱՊԻՆ

Նորայր Մնացականյանը (այս և մնացած բոլոր հերոսների անուն-ազգանունները փոխված են իրենց խնդրանքով,- հեղ.) երեք տարի է, ինչ աշխատում է երևանյան խոշոր ընկերություններից մեկում: Տարբեր տարիներին, տարբեր աշխատանք է կատարել: Ասում է՝ միակ տեղն է, ինչ այսքան ժամանակ մնացել է:

– Նախ ասեմ, որ իմ անմիջական ղեկավարը կին է: Սկզբում, երբ ընդունվեցի աշխատանքի, գիտեի` ամուսիններ են, կինն «աշխատացնում ա»: Բայց մի քանի ամիս հետո հասկացա, որ գործի գլխին հենց կինն է կանգնած: Ես շատ ղեկավար տղամարդիկ եմ ունեցել, ու միշտ էլ բոլորին հարգել ու սիրել եմ: Աշխատանքը կազմակերպելու առումով կարծում եմ՝ կանայք ավելի պահանջկոտ են: Օրինակ՝ կին ղեկավարն անպայման նայում է աշխատողների հագուկապին, պարտաճանաչությանը: Տղամարդիկ մի քիչ ուրիշ են. նրանք միայն շահույթի՝ փողի, մասին են մտածում, ու մնացած բաները նրանց համար այնքան էլ էական նշանակություն չունեն:

Նորայրն ասաց, որ ժամանակին, երբ նոր էր ընդունվում աշխատանքի, դժվարությամբ է հարմարվել այն փաստին, որ իր ղեկավարը կին է:

– Գիտեք, մի պահ պատկերացրեցի ղեկավար կնոջը, գուցե ֆիլմերից էին այդ պատկերացումները, ու հասկացա՝ սխալ բան եմ անում: Բայց հերիք էր մի քանի ամիս, որ աշխատանքից հաճույք ստանայի: Կարծում եմ՝ կինն ավելի հոգատար է աշխատակցի նկատմամբ, քան տղամարդը:

«Անկախի» այն դիտարկմանը, թե աշխատավարձի մասով է՞լ է կինն առավել, Նորայրը ժպիտով է փաստում.

– Այո՛, դա լրիվ այլ թեմա է: Տղամարդը կարող է հանգիստ քո աշխատավարձն ուշացնել: Միայն ասում է՝ գործերս վատ են գնում, կլինի` կտամ, իսկ կին ղեկավարները մի քիչ այլ կերպ են մտածում: Անկեղծ եմ ասում՝ երեք տարվա մեջ մի օր կամ մի անգամ չի եղել, որ աշխատավարձս ուշանա: Դեռ ասեմ ավելին, կինը, երբ տեսնում է, որ աշխատակիցը լավ գործ է անում, անպայման նրան պարգևավճար է տալիս, դա միշտ ավելի է «դուխ» տալիս աշխատողին, որ ավելի լավ աշխատի:

Այլ կարծիքի է մեր մյուս հերոսուհին՝ Արմինե Կարապետյանը: Նրա ղեկավարը ևս կին է: Արմինեն առաջինն ասում է՝ կանայք շատ «քթի մազ» են, տղամարդիկ՝ ավելի բարի:

– Ես միշտ էլ խանութում եմ աշխատել, սկսել եմ վաճառողուհուց: Մի քանի տարի առաջ էր: Մի կին հաճախորդ ունեի, նա հաճախ էր գալիս, օգտվում, մի անգամ էլ ասաց՝ արի ինձ մոտ աշխատիր: Ես շատ զարմացա, բայց քանի որ առաջարկը բավական շահավետ էր, դե աշխատավարձի պահով էլի, գնացի: Առաջին ամիսներին իսկական դժոխք էր ինձ համար: Երազում էի նոր աշխատանք գտնելու մասին: Ղեկավարս խստապահանջ է, չոր, այնքան, որ տղամարդ ղեկավարն ավելի լավ էր թվում, քան կինը: Հետո ամիսների ընթացքում մտերմացանք, ու հասկացա, որ երբ կին ղեկավարի մոտ աշխատես, կարող ես ցանկացած տղամարդ գործարարի մոտ աշխատել:

Արմինեն հիմա շատ կապված է իր ղեկավարի հետ, ասում է՝ ընկերուհիների պես ենք: Բայց գործը՝ գործ, ընկերությունն՝ ընկերություն: Կնոջ վստահությունն Արմինեն չի չարաշահում:

– Ես կարծում եմ, որ կանայք շատ ավելի նախաձեռնող են, քան տղամարդիկ: Չնայած հիմա էլ եմ ասում, որ եթե լավ աշխատանք գտնեմ, ու ղեկավարս տղամարդ լինի, կգնամ: Մանավանդ աղջկա համար կնոջ հետ աշխատելը բարդ բան է,- փաստում է Արմինե Կարապետյանը:

ԿԻՆԸ ԿԱՐՈՂ Է «ՔՑԵԼ»  

Դավիթ Սարգսյանի պատմությունն էլ բավական ուշագրավ է: Երկու տարի շարունակ կին ղեկավար է ունեցել ու ասում է՝ գլխիս էլ կրակեն` կնոջ մոտ չեմ աշխատի:

– Ես աշխատում էի վարսավիրանոցում, տերը կին էր: Մտքումս անընդհատ մտածում էի, որ հազարավոր տղամարդկանցից ավելի լավն է, բայց դա ուղղակի իմ երևակայությունն էր: Մի տարի լավ աշխատեցինք, հետո ասաց, թե լավ չեմ աշխատում: Ի դեպ, նա բոլորին էր այդպես ասում: Սկսեց կրճատումներ անել ու վատ վարվել աշխատակիցների հետ: Օրինակ՝ անիմաստ գալիս, հաճախորդների մոտ գոռում էր մեզ վրա, անգամ անպատվում, էդ մի տարին փողերն էլ ուշ-ուշ էր տալիս՝ պատճառաբանելով, թե նոր բիզնես է սկսում:

Ղեկավար կնոջ օպերային ձայնը Դավիթին էլ է բաժին հասել, տղան մինչև հիմա վիրավորված է:

– Տղամարդը, որ հայհոյում է, դու էլ ես տղամարդ, կարող ես պատասխանել, անգամ եթե շեֆդ է: Կնոջ դեպքում մի քիչ այլ է: Կնոջ հայհոյանքին հո նման ձևով չե՞ս պատասխանի, ի վերջո, կին է: Այսքան բաներից հետո ստացվում է` ոնց որ այդ կնոջը գովում եմ, բայց ի՞նչ արած: Նա ուղիղ մի տարի ինձ աշխատացրեց ու ոչ միայն աշխատավարձս չտվեց, այլև վերջնահաշվարկ չարեց: Կինը կարող է «քցել», տղամարդը՝ չեմ կարծում: Կոպիտ խոսեցի նրա հետ ու դուրս եկա: Մի քանի ամիս հետո իմացա՝ վարսավիրանոցը փակվել է, իր մասին էլ ոչ մի տեղեկություններ չունեմ՝ ուր է, ինչով է զբաղվում:

Դավիթ Սարգսյանը հիմա էլ վարսավիրանոցում է աշխատում, ու որքան էլ զարմանալի է, ղեկավարը դարձյալ կին է:

– Չգիտեմ` ինչը ինձ ստիպեց, որ նորից նույն թակարդն ընկա: Արդեն երկուսուկես տարի է, ինչ աշխատում եմ: Համեմատած նախկին կին ղեկավարիս հետ, այս մեկը շատ լավն է: Իսկական հայուհի է: Սիրում է վարսահարդարությունը, մի քիչ թիթիզ բնավորություն ունի: Ի տարբերություն նախորդի, նա շատ բարի ու ջերմ է: Դեպքեր են եղել, անշուշտ, որ գործերը մի քիչ լավ չեն եղել, կամ մենք մեզ չենք արդարացրել, նա շատ հանգիստ եկել, զրուցել է, ասել, խոսել: Դե, աշխատանքային հարաբերություններ են, ամեն ինչ էլ կարող է պատահել: Ես ուղղակի հասկացա, որ բոլոր կանայք այդպիսին չեն, կան նաև կանայք, որոնք իրենց թույլ չեն տա վիրավորանքներ հասցնել կամ ամբիցիաներ դրսևորել:

ԿՆՈՋ ՄՈՏ ԱՇԽԱՏԵԼԸ ՀԱՃԵԼԻ Է

Մեր մյուս զրուցակիցը երևանյան հեղինակավոր սրճարաններից մեկի մենեջերն է՝ Աննա Հակոբյանը: Ցավ է ապրում, որ իր կին ղեկավարն այլևս մեր երկրում չէ, բայց ներկա տղամարդ ղեկավարից էլ չի դժգոհում:

– Ղեկավարս հրաշալի կին էր, դասական, հմայիչ, գեղեցիկ: Երեք րոպե շփվեր մարդու հետ ու կասեր՝ նա կարող է աշխատել, թե՝ ոչ: Բիզնեսն իսկապես նրա համար էր: Ցավով եմ ասում, որ նրա հետ աշխատեցի երկու տարի, կուզեի, որ հիմա էլ լիներ, նրա հետ աշխատելը հաճելի էր: Գործերն այնքան էլ հաջող չէին, վաճառեց ու հեռացավ:

– Իսկ տղամարդ ղեկավարի հետ հնարավո՞ր է լեզու գտնել,- հետևեց մեր հարցը:

– Հնարավոր է: Եթե, իհարկե, ղեկավար տղամարդն աշխատող աղջիկների մասով մի քիչ այլ մտքեր չի ունենում: Ես հասկացել եմ մի բան՝ կին, թե տղամարդ մեկ է. մարդը պետք է մարդ լինի՝ հաջող, նվիրված ու ճշտապահ:

ՀՈԳԵԲԱՆԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ 

Հոգեբանական գիտությունների թեկնածու Կարեն Արիստակեսյանն ասում է, որ գործարարները հավակնոտ մարդիկ են, սիրում են գլուխ գովել ու երբեք էլ գոհ չեն լինում աշխատանքից: Մեր այն հարցին` կանա՞յք, թե՞ տղամարդիկ կարող են լավ ղեկավար լինել, նշում է.

– Մարդուց է: Ամեն մարդ չէ, որ բիզնեսում կարող է հաջողություններ ունենալ: Կյանքի փորձն ու մարդկության պատմությունը վկայում են, որ տղամարդիկ ավելի կոպիտ են, քան կանայք (կան բացառություններ): Տղամարդ ղեկավարները նարցիսիզմով են վարակվում: Դա հոգեբանական այն  երևույթն է, երբ անհատը հավատում է, որ իրենից ավելի հզորն ու ուժեղը չկա, միայն ինքն է երկիր մոլորակում: Իսկ կանայք գուցե ավելի հոգատար են, բայց սարսափելի բռնկվող: Կին գործարարները «պայթյունավտանգ» բնավորություն ունեն, կարող են մի բան ասել, մի ուրիշ բան անել, իսկ տղամարդիկ համեմատաբար ավելի կայուն են:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 2093 անգամ:
Print Friendly

Leave a Reply