Աբխազական երկաթուղիների վերագործարկման հարցը եռում է

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | March 25, 2013 7:11

 Աբխազական երկաթուղին հեռանկարային առումով մեծ կարևորություն ունի Հայաստանի համար, եթե, իհարկե, հնարավոր լինի երկաթուղու այդ հատվածին միանալ վրացական երկաթգծով:

Դեռևս  2011 թ. հունվարին ակտիվացան խոսակցությունները աբխազական երկաթուղիների շահագործման հարցում, երբ աբխազական երկաթգծի վերանորոգման մեկնարկի առնչությամբ Աբխազիա ժամանեց ռուս երկաթգծայինների վերանորոգման առաջին ջոկատը:

 Բայց այդ «մեկնարկից» հետո Հայաստանի համար իրոք կարևոր նշանակության հայտարարություն, կապված աբխազական երկաթուղու վերագործարկման և հայկական երկաթգծերը դրանց միացնելու հարցերի հետ, հնչեց այս տարի` հունվարի 17-ին, երբ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ՀՀ կառավարությունում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ նշեց, որ Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի վերագործարկումը հնարավոր է:

Նա ասաց, որ այս հարցում կողմերից մեկն էլ Ռուսաստանն է, որի հետ Վրաստանի հարաբերություններում  եղել և մնում են  լուրջ խնդիրներ: Իվանիշվիլին նշեց, որ վրացական կողմը ջանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնել` չնայած բազմաթիվ հիմնախնդիրներին:

«Ինչպես  գիտեք, տարածքների հետ կապված և այլ հարցեր շուտ չեն լուծվի, բայց երկաթուղային հաղորդակցության հետ կապված հարցերը, կարծում եմ, կլուծվեն ավելի արագ: Վրացական կողմն այս հարցի առնչությամբ երաշխավորում է, որ խնդիրներ չկան, ինչ մնում է ռուսական կողմի դիրքորոշմանը, մենք հույս ունենք, որ նրանք էլ շատ արագ կարձագանքեն այս հարցին»,- ասաց Վրաստանի վարչապետը:

Վրաց վարչապետի հայտարարությանն անմիջապես արձագանքեց նաև Հայաստանի վարչապետը և նշեց. «Մենք արձանագրել ենք, որ ջանքեր կգործադրենք, որպեսզի այդ երկաթուղին աշխատի` աշխատի արդյունավետ, մենք հետաքրքրված ենք, որ այս հարցը լուծում գտնի հնարավորինս արագ, և մենք ակտիվ դիրքորոշում կգրավենք այս հարցի կարգավորման ուղղությամբ»:

Ասել է թե` Հայաստանն ու Վրաստանը «կանաչ լույս» վառեցին աբխազական երկաթուղիների և հայկական երկաթգծերի` դրանց միացման գործընթացի մեկնարկի համար, և մնում էր հստակեցնել Ռուսաստանի դիրքորոշումը:

Ահա մարտի 13-ին կայացած մամուլի ասուլիսում քաղաքագետ Նարեկ Գալստյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ նախագահական ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստան կատարված այցի ժամանակ կողմերը կարող են քննարկել տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` ռուս-վրացական հարաբերություններում հնարավոր փոփոխությունները: «Այդ տեսանկյունից, մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի Աբխազիայով անցնող երկաթուղու վերագործարկման հարցը, ինչը էապես կթեթևացնի առևտրատնտեսական հարաբերությունները»,- ընդգծեց Նարեկ Գալստյանը:

Այս հարցը, բնականաբար, քննարկվել է Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ: Հայկական լրատվամիջոցների հետ նախագահական ընտրություններից հետո կայացած առաջին ասուլիսում այս հարցի վերաբերյալ խոսեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ժամկետների առումով ես դժվարանում եմ ասել: Կարող եմ ասել հետևյալը, որ հենց հանդիպման ժամանակ, երբ մենք խոսում էինք նախագահ Պուտինի հետ, նա ասաց, որ այդ օրը հանդիպելու է նաև Աբխազիայի նախագահի հետ և անպայման այդ հարցը կքննարկի: Մենք հետո ստացանք արձագանք, որ կա դրական դիրքորոշում, և պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այդ կարևորագույն խնդիրը լուծվի: Թե ինչ ժամկետներում, ես դժվարանում եմ ասել: Խնդիրներ կան` կապված վրացական կողմի հետ, խնդիրներ կան` կապված աբխազական կողմի հետ, խնդիրներ կան` կապված ռուսական կողմի հետ, միայն մենք ենք, որ խնդիր չենք հարուցել, և ցանկություններս շատ մեծ է: Այնպես որ ես այստեղ ակնկալում եմ դրական տեղաշարժեր, իսկ դա ուղղակի հսկայական օգուտ կբերի մեր տնտեսությանը և ոչ միայն: Մենք այսօր, ցավոք, որպեսզի Մոսկվայից մեկ տոննա բեռ երկաթուղով տեղափոխենք Երևան, ծախսում ենք, նկատի ունեմ մեր գործարարները, 190 դոլար` մեկ տոննայի համար: Սա սարսափելի մեծ գին է: Ուրիշ այլ հանգամանքներ նույնիսկ հաշվի չեմ առնում: Նույնն էլ արտահանման պարագայում է: Ես այստեղ մեծ հույսեր ունեմ»,- ասել էր նախագահը:

Հարցն այն է, որ մինչև Սերժ Սարգսյանի հայտնի ասուլիսը` դեռևս մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը զգուշություն է ցուցաբերում Աբխազիայով անցնող երկաթգծի վերագործարկման հարցում: «Մեր կողմից քաղաքական կամքը կա, բայց գոյություն ունեն շատ հարցեր: Դա շատ զգայուն թեմա է` հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր օկուպացված տարածքների պատճառով: Այդ հարցը քննարկվում է և պետք է լուծվի այդ համատեքստում: Մենք դրան շատ զգույշ ենք վերաբերվում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է Աբխազիայով անցնող երկաթուղին վերականգնելու մտադրության մասին, որը դադարել է 1992-93 թթ. վրաց-աբխազական հակամարտությունից ի վեր:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կտրականապես դեմ է այդ նախաձեռնությանը և համարում է, որ դա կլինի Ռուսաստանի էքսպանսիան դեպի Կովկաս:

Հարցի քաղաքական ենթատեքստը

 

Աբխազական երկաթուղու վերագործարկման և Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման համատեքստում հարկ է անդրադառնալ մի քանի կարևոր տարածաշրջանային հարցերի, որոնք առնչվում են տարածաշրջանային խաղացողների ռազմավարական զարգացումների հետ:

Նախ` Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ Մոսկվայում մի քանի ժամ ընդմիջումով ընդունեց Հայաստանի և Աբխազիայի ղեկավարներին: ИТАР-ТАСС-ի վերլուծաբան Իվան Սուխովն այս հանդիպումների համար նշում է, որ քննարկված հարցերի տարբեր լինելով հանդերձ` դրանք կարելի է համարել դաշնակիցների ստուգատես` հնարավոր խառը ժամանակաշրջանի նախաշեմին:

Ըստ նրա` այսօրվա դրությամբ Հարավային Կովկասի երեք երկրներ` Հայաստանը, Աբխազիան և Հարավային Օսիան, լոյալ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ: Վրաստանը դեռևս չի կարողանում արմատական փոփոխություն կատարել իր արտաքին քաղաքականություն մեջ և ընդառաջ գնալ Ռուսաստանին, իսկ Ադրբեջանի հետ ռուսաստանյան հարաբերությունների հեռանկարը, չնայած երկու երկրների քաղաքական գործիչների և դիվանագետների բարեկամական հռետորաբանությանը, ընդհանուր առմամբ չի ձևավորվել, քանի որ Վրաստանի հետ այդ երկիրն ավելի սերտ կապեր ունի:

Սուխովը գրում է, որ եթե Անդրկովկասի ուրվագծային քարտեզը ներկվեր Ռուսաստանի ազդեցության մակարդակը գույնով նշելու առաջադրանքով, ապա Վրաստանը և Ադրբեջանը երանգներով զգալիորեն կտարբերվեին Հայաստանից, Աբխազիայից և Հարավային Օսիայից:

«Երեք հենարան, այդ թվում` ռազմակայանների տեսքով, կայուն խարսխային դիրք: Սակայն զարգացման համար (իսկ առանց դրա կայունությունը չի կարող երաշխավորվել) անհրաժեշտ են ենթակառուցվածքային կապեր: Այսօրվա դրությամբ դրանք չկան: Մինչդեռ դրանք կարելի է վերականգնել երկաթուղու միջոցով, որը մինչև վրաց-աբխազական հակամարտությունը ռուսաստանյան Սոչին միացնում էր Սուխումի և Երևանի հետ Արևմտյան Վրաստանի տարածքով»,- գրում է վերլուծաբանը և հավելում, որ այդ թեմայի հրապարակային քննարկումը, սակայն,  կտրուկ դիմադրության է հանդիպում Վրաստանի որոշ շրջանակներում և Ադրբեջանում, քանի որ այդ ճանապարհը կապաշրջափակի Հայաստանը:

Սա, ինքնըստինքյան, կնշանակի Հայաստանի դիրքերի ամրապնդում Ադրբեջանի և Թուրքիայի հետ ոչ պարզ հարաբերություններում: Ռուսաստանը, իր հերթին, ակնթարթորեն կվերադարձնի տնտեսական, քաղաքական, նաև ռազմական ազդեցությունը տարածաշրջանում, որը զգալիորեն նվազել է 1991-ից:

Երկաթուղու հարցում Հայաստանի և Աբխազիայի հետաքրքրությունը տարբեր է: Հայաստանի համար դա նոր տնտեսական հնարավորություններ է, սկզբունքորեն նոր կարգավիճակ ԼՂ հարցը և Թուրքիայի հետ հարաբերությունները քննարկելիս: Աբխազիայի համար դա նվազագույնը տնտեսական մրցակցության աճ է, քանի որ երկաթուղով Ռուսաստան կարտահանվեն ոչ միայն աբխազական մանդարինները, այլև գյուղմթերք Հայաստանից և Արևմտյան Վրաստանից:

Այժմ աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը կարևորագույն նշանակություն ունի Ռուսաստանի համար. կա’մ ճանապարհը վերականգնվում է, կա’մ Ռուսաստանը շարունակում է կորցնել դիրքերը Հարավային Կովկասում: Հիշենք, որ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական մաքսային միությանն անդամակցել-չանդամակցելու հարցում հայկական կողմի հիմնական փաստարկն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի և մաքսային միության հետ անմիջական շփման գոտի չունի, ինչն էապես խոչընդոտում է վերջնական որոշում ընդունել: Այս առումով երկաթուղային հաղորդակցությունը մասամբ կարող է Ռուսաստանի պատասխանը դառնալ Հայաստանի փաստարկներին: Մյուս կողմից` Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների համար նյութատեխնիկական մատակարարումները կկանոնավորվեն, ավելի էժան կնստեն ռուսական կողմի վրա ու էլի բազմաթիվ տնտեսական ու քաղաքական հարցեր կլուծեն: Այնպես որ, եթե այս խնդրի կարգավորումը չտեղափոխվի դիվանագիտական շահարկումների դաշտ, ապա ձեռնտու է տարածաշրջանի ներկայացուցիչների մեծ մասին:

 

 

 

Դիտվել է 2685 անգամ:
Print Friendly

Leave a Reply