Երկու պարապմունք` մեկ օրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 21, 2013 16:05

Մարզասերներին տեղեկացրել ենք, որ Հայաստանում է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, Գերմանիայում բնակվող Դավուդ Թավաքոլին: Նա մարտի 21-24-ը սեմինար է անցկացնում, որին մասնակցում են մեր երկրի երկու տասնյակ մրցավարներ և տեսուչներ: Մեկ օրում երկու պարապմունք է նախատեսված: Այնպես որ, սեմինարն ընթանում է հագեցած ծրագրով:

Այսօր առավոտյան ժամը  10-ին ճանաչված մասնագետը Երևանի Հյուսիսային համալսարանի դահլիճում առաջին դասախոսությունը կարդաց:Ի դեպ, նա դատարկաձեռն չէր եկել և մասնակիցներին տրամադրեց հանդբոլի կանոններին, Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի միջոցառումներին վերաբերող մեթոդական գրականություն, կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումների օրացուցային ծրագիրը:

Դասախոսության առաջին թեման վերաբերում էր հանդբոլի հանդիպման ժամանակ մրցավարների կողմից տուգանքների նշանակմանը: Խոսվեց այն  մասին, թե կարգազանցներին մրցավարներն ինչպես պետք է պատժեն, ինչպիսի հերթականությամբ խստացնեն տույժերը և այնպես անեն, որ հանդիպումն իր բնականոն հունով ընթանա, անվերահսկելի չդառնա:

Դասախոսության ընթացքում ցուցադրվում էին տեսանյութեր: Իսկ վերջում Թավաքոլին պատասխանեց ունկնդիրների հարցերին:

Երկրորդ թեմային նվիրված դասախոսությնուը կսկսվի ժամը 16-ին: Կներկայացվի, թե ո՞ր դեպքերում է թիմերի դարպասներին նշանակվում 7 մ-ոց տուգանային հարված, այդ պատժի  կիրառման հետ կապված ի՞նչ նրբություններ կան և այլն:

«Դասընթացի ծրագրով նախատեսված է դասախոսություն հանդբոլի առանցքային 15 թեմաների շուրջը: Երեք թեմա նվիրվելու է սոսկ տեսուչների աշխատանքին: Դասախոսությունների ավարտից հետո, սեմինարի մասնակիցները խմբերի են բաժանվելու և նրանց որոշակի առաջադրանքներ է տրվելու, ստուգվելու է, թե ինչպես են յուրացրել դասավանդվող նյութերը: Վերջում` Հայաստանի ներկայացուցիչները քննություն են հանձնելու և ստանալու են Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր: «Առայժմ դժվարանում եմ ասել, թե Հայաստանի ներկայացուցիչներն գիտելիքների ինչ մակարդակ ունեն: Ուրախալի է, որ սեմինարի մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են և ներկայացվող նյութերը նրանց հետաքրքրում են: Կարծում եմ, որ սեմինարը կծառայի նպատակին, օգտակար կլինի հայ մասնագետների համար»,- ասաց Թավաքոլին:

Ի դեպ, պարապմունքի ավարտից հետո, նա Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ, մրցավարական հանձնաժողովի պատասխանատու Ալեքսանդր Արևշատյանի հետ միասին ուղևորվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահ, որպեսզի հետևի  մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության շրջանակում կայանալիք Հանդբոլի մասնագիտացված դպրոցի և Վանաձորի հավաքականների հանդիպմանը:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply