Սիրիահայերից ավել գումար պահանջող բնակարանների սեփականատերերին ու տաքսիստներին պաշտոնյան հիշեցնում է` նրանք մեր հայրենակիցներն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2013 15:21

2013-ի հունվարի դրությամբ Երևանում բնակվում է սիրիահայերի 500 ընտանիք 1400 անդամով. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Նրա խոսքով` սիրիահայ ընտանիքները հիմնականում կենտրոնացած են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում` համապատասխանաբար 191 և 131 ընտանիք:

Զաքարյանի խոսքով` սիրիահայերի առաջնային խնդիրը զբաղվածությունն է և բնակարանների վարձակալությունը:

Զաքարյանի խոսքով` քաղաքապետարանը հնարավորինս աջակցում  սիրիահայ ընտանիքներին: Հունվարից մինչ օրս 14 մլն դրամի աջակցություն է ցուցաբերվել 156 ընտանիքների, 128 ընտանիքների կենցաղային իրեր են հատկացվել, 67 ընտանիքի պարենային աջակցություն է ցուցաբերվել, 16 քաղաքացիներ սնվում են գթության խոհանեցներում, 6 անձի էլ հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել:

Հունվարից մինչ օրս զբաղվածության տարածքային գործակալություններում գրանցվել է 131 սիրիահայ, նրանցից  41-ը աշխատանքի է տեղավորվել զբաղվածության պետական ծառայության միջոցով, 12-ն ինքնուրույն են աշխատանք գտել, ևս 12-ը աշխատանքի են անցել վարչական շրջանների ղեկավարների միջնորդությամբ:

Զաքարյանը տեղեկացրեց նաև, որ 65 տարին լրացած սիրիահայերը, որոնք արդեն Հայաստանի քաղաքացիություն ունեն, կարող են դիմել սոցիալական ծառայություն և ստանալ կենսաթոշակ: Երևանաբնակ 32 սիրիահայեր արդեն կեսաթոշակ են ստանում:

Սիրիահայ 12 ընտաբիքների հատկացվում է սոցիալական անապահովության նպաստ, 6 ընտանիքի  հատկացվել է հրատապ դրամական օգնություն, մեկ ընտանիք էլ  ստացել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ:

Զաքարյանը նշեց , որ սիրիահայերին հատկապես Երևանի քաղաքապետարանին ենթական բուժհաստատություններում տրամադրվում է անվճար բուժսպասարկում:

Զաքարյանը կոչ արեց նաև ՀՀ քաղաքացիներին իրենց հայրենակիցների` սիրիահայերի նկատմամբ ցուցաբերել բարեհաճ վերաբերմունք. դեպքեր են գրանցվել, երբ բնակարանի սեփականատերերը, իմանալով, որ վարձակալները սիրիահայեր են, վարձակալության գինը կրկնակի բարձրացրել են, որոշ տաքսիստներ սիրիահայերին սովորականից թանկ գնով են ծառայություն մատուցում, չնայած, ըստ Զաքարյանի, կան նաև տաքսիստներ, ովքեր սիրիահայերից գումար չեն վերցնում:

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply