Դեռևս որոշված չէ, թե սիրիական ծրագրով ուսանող սիրիահայ երեխաներն ինչպես պետք է ավարտական քննություններ հանձնեն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2013 14:50

Ներկա դրությամբ սիրիահայ 180 երեխաներ հաճախում են Երևանի նախակրթական հաստատություններ, 231 երեխաներ սովորում են Երևանի տարբեր հանրակրթական դպրոցներում` հայաստանյան կրթական ծրագրով, ևս 300-320 աշակերտ սիրիական կրթական ծրագրով ուսանում է թիվ 14 դպրոցի կազմում բացված Կիլիկյան վարժարանում:

Վարժարանում դասավանդում են 17 սիրիահայ ուսուցիչներ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Նա նշեց, որ հայաստանյան հանրակրթական ծրագրով սովորող երեխաներն արագ ինտեգրվում են միջավայրին` յուրացնելով նաև արևելահայերենը:

Սկսվել է ավարտական քննությունների համար դիմորդների հայտագրման գործընթացը: Դեռևս առկախ է հարցը, թե ինչպես է գործընթացը կազմակերպվելու սիրիական ծրագրով ուսանող դպրոցականների համար. տարբեր են թե կրթական ծրագրերը, թե ավարտական վկայականները: Հստակեցված չէ նաև, թե ինչ կարգով պետք է ստուգվեն 4-րդ և 9-րդ դասարանցիների գիտելիքները (ըստ հայաստանյան կրթական համակարգի տարրականից հիմնական և հիմնականից ավագ դպրոց անցման փուլում աշակերտների գիտելիքները քննություններով են ստուգվում):

Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը այս հարցի առնչությամբ սպասում է ԿԳՆ որոշմանը:

Քաղաքապետարանը երևանաբնակ սիրիահայ երեխաների համար այցելություններ է կազմակերպել Երևանի տեսարժան վայրեր: Սողոմոնյանն ասում է, որ այս շրջանում ունեն նախատեսված բակային և հրապարակային միջոցառումներ, որոնց մի մասը, սակայն, Ազատության հրապարակի զբաղված լինելու պատճառով չեն կարողանում իրականացնել:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply