Ուսանողները կդիմեն քաղաքապետարան` գրավաճառներին տարածք հատկացնելու խնդրանքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2013 14:08

«Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ գտնվող գետնանցումից գրավաճառների կրպակներն ու վաճառակետերը քանդելու և տարածքը բարեկարգելու սեփականատիրոջ որոշումը, ինչպես հայտնի է, բարկացրել էր նախ գրավաճառներին, ովքեր ի սկզբանե դեմ էին դուրս եկել որոշմանը և պահանջել նոր տարածք տրամադրել իրենց առևտրի համար:
Այսօր արդեն գրավաճաներին են միացել ուսանողները: Նրանք բողոքում են քաղաքապետարանի այն որոշման դեմ` ըստ որի գրավաճառներին ժամանակավոր տեղ հատկացնել հնարավոր է կամ Մաշտոցի պուրակին հարակից գետնանցումում, կամ էլ «Ձկան խանութի» հարևանությամբ գործող գետնանցումում:
Այսօր «Արմատ» մամուլի ակումբում էին «Արատտա» ուսանողական շարժման հիմնադիր-ղեկավար Հովհաննես Բասենցյանը, շարժման անդամներ Աստղիկ Գևորգյանը, Արամ Աթանեսյանը և գրավաճառ Գարիկ Մարտիրոսյանը: «Արատտա» ուսանողական նախաձեռնությունը, որ զբաղվում է ուսանողների խնդիրներով, լուրջ պրոբլեմ է համարում «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ գտնվող գետնանցումում վաճառքի արգելումը: Ուսանողներին հատկապես մտահոգել է քաղաքապետարանի առաջարկած երկու տարածքները, որոնք, ըստ շարժման մասնակիցների, շատ հեռու են համալսարանական տարածքներից, և ուսանողներին հարմար չի լինի ամեն անգամ գնալ Մաշտոցի պուրակի կամ ձկան խանութի հարակից տրածքները` գիրք ձեռք բերելու համար: Նրանք առաջարկում են իբրև ժամանակավոր վաճառքի կետեր ընտրել համալսարանական տարածքին ավելի մոտ վայրերը: Ինչպես հայտնեց «Արատտա» ուսանողական շարժման հիմնադիր – ղեկավար Հովհաննես Բասենցյանը, իրենք պատրաստվում են վաղը` մարտի 22-ին, իրենց առաջարկները ներկայացնել քաղաքապետարան:
Ինչ վերաբերում է անցումներում գրքերի վաճառքի արգելքին առհասարակ, ուսանողները գտնում են, որ նմանատիպ վաճառակետերի կարիքը կա. «Գրախանութներում գրքերը անհամեմատ ավելի թանկ են, իսկ ուսանողին պարտադիր չէ ձեռք բերել հենց նոր տպագրված գիրք, գիտելիք ստանալու համար կարելի է գնել նաև օգտագործած գրականություն, կարևորն է, որ այն մատչելի լինի», – ասաց «Արատտա» շարժման անդամ Աստղիկ Գևորգյանը:
Առհասարակ, ուսանողները գտնում են, որ նպատակահարմար է գրավաճաներին տրամադրել փակ տոնավաճառային տարածք, որտեղ էլ նրանք ավելի մաքուր պայմաններիում կկազմակերպեն գրքերի վաճառքը:
Գրավաճառ Գարիկ Մարտիրոսյանն էլ իր հերթին լրագրողներին հայտնեց, որ հորդորում է բոլորին հասկանալ, որ իրենց գործունեության կասեցումը չի բխում ոչ իրենց, ոչ էլ ուսանողների շահերից. «Ավելին, դա անարդյունավետ է նաև մեկ այլ կողմից: Չէ որ բազմաթիվ մարդիկ հաճախ գումար չունենալու կամ երկրից մեկնելու պատճառով ցանկանում են վաճառել իրենց ունեցած գրականությունը: Հայտնի է, որ այդ գրքերը գրախանութներում, օրինակ, չեն գնում, և եթե մեր գործունեությունն էլ չլինի, ապա այդ գրքերին ուղղակի թափոն դառնալու ապագա է սպասվում», – ասաց Գարիկ Մարտիրոսյանը:

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply