Ստվերայնության առումով Հայաստանում իրավիճակը «հեռու է բարվոք լինելուց»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2010 12:27

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի գնահատմամբ, տնտեսության ստվերայնության առումով Հայաստանում իրավիճակը շատ հեռու է բարվոք լինելուց։

Ըստ նրա, հայաստանյան տնտեսության տխուր իրականությունն այն է, որ հարկերի հավաքագրման մակարդակը, ի համեմատ տնտեսության իրական ծավալների հետ, ծայրահեղորեն ցածր է, նույնիսկ աֆրիկյան ենթասահարայի երկրների չափանիշներով։

Հիշեցնենք, անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր խոստովանել, որ կառավարությունը չի կարողանում խոշոր ձեռնարկությունների ոլորտում ապահովել պատշաճ վերահսկողություն։ «Դա մեծ չարիք է ցանկացած պետության համար, եթե խոշոր ձեռնարկությունը հնարավորություն ունի խուսափել հարկային պարտավորությունների կատարումից: «Այդ չարիքը խարխլում է պետության հիմքերը, հնարավորություն չի տալիս փոքր ու միջին բիզնեսին զարգանալու», – ասել էր վարչապետը։

Մեկնաբանելով վարչապետի այս հայտարարությունը, Գիերմո Տոլոսան ափսոսանքով նշել է, որ թեև ԱՄՀը մշտապես իր ուշադրության տիրույթում է պահում արդյունավետ հարկային վարչարարության ապահովման հարցը, այնուամենայնիվ, անգամ Հայաստանի կառավարության ջանքերին հիմնադրամի ցուցաբերած աջակցության պարագայում, ցանկալի արդյունք դեռևս չի արձանագրվել։

Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը, ըստ էության համաձայնելով վարչապետի գնահատականի հետ, հատկապես կարևոր է համարել Հայաստանի պետեկամուտների կոմիտեի` խոշոր հարկատուներով զբաղվող ստորաբաժանման առավել մեծ ներգրավվածությունն ու դերը, այս հատվածում հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ։

«Եվ մենք աջակցում ենք Պետեկամուտների կոմիտեի այդ ստորաբաժանման ջանքերին», – հայտարարել է Տոլոսան։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով, այս տարվա հունվարփետրվար ամիսներին, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, գրանցվել է հարկային մուտքերի 19 տոկոսի աճ: Զարգացած երկրներում, ի դեպ, ՀՆԱհարկային մուտքեր

հարաբերակցությունը սովորաբար տատանվում է 30-50 տոկոսի սահմաններում: Հայաստանի պարագայում, մինչդեռ, այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 16 տոկոս:

Գիերմո Տոլոսան, այդուհանդերձ, «շատ արդյունավետ» է գնահատել Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրը:

«Իմ խորին համոզմամբ, եթե այդ ծրագիրը կյանքի չկոչվեր, ապա տնտեսական անկման ցուցանիշն այստեղ շատ ավելի ցածր կլիներ», – հայտարարել է նա՝ գովեստով խոսելով նաև ճգնաժամի պայմաններում, այդ թվում՝ ԱՄՀի աջակցությամբ վարկային միջոցների հայթայթման և տնտեսության մեջ դրանց ներդրման՝ կառավարության գործողությունների մասին: Նրա խոսքով, դրանք թեև ամբողջությամբ չչեզոքացրին ճգնաժամի ազդեցությունը, այնուամենայնիվ, բավականաչափ մեղմեցին այն:

Իսկ թե որն է պատճառը, որ վարկային միջոցների տնօրինման կառավարության քաղաքականությունը Հայաստանում սուր քննադատության է արժանանում, Գիերմո Տոլոսան պարզաբանել է թե այս դեպքում ևս խնդիրը հանգում է հարկային վարչարարության ցածր մակարդակին ու ավելացրել.

«Եթե այս ոլորտում առաջընթաց լիներ, ապա, անշուշտ, միջազգային կառույցներից ավելի նվազ միջոցներ կպահանջվեին»,

Նա ներկայացրել է նաև ԱՄՀի` 2010 թվականի կտրվածքով Հայաստանի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների նախնական կանխատեսումը։ Ըստ այդմ` տարվա ավարտին կարելի է ակնկալել ՀՆԱի 1,8 տոկոսի աճ։ Գնաճը նույն ժամանակահատվածում կկազմի 6,2 տոկոս։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ արդեն իսկ բավականաչափ մեծացած արտաքին պարտքին, ապա այն, ըստ Գիերմո Տոլոսայի, կշարունակի աճել և կսկսի նվազել միայն 2012 թվականից սկսած:

Այս կանխատեսումը, սակայն նախնական է. առաջիկայում կհրապարակվի ԱՄՀի հերթական, վերանայված զեկույցը, որում հավանաբար որոշ ցուցանիշներ կփոփոխվեն: Ըստ այդմ՝ Տոլոսայի խոսքով, միջազգային ճգնաժամի ընդհանուր մեղմացման համատեքստում Հայաստանի տնտեսության այն ճյուղերը, որոնք առնչվում են միջազգային տնտեսությանը, կներկայացվեն փոքրինչ ավելի մեծ թվային արժեքներով:

Ինչ վերաբերում է շինարարական հատվածին, որը, հիշեցնենք, Հայաստանի տնտեսական երբեմնի երկնիշ աճի հիմնական ապահովողն էր, ապա այս հարցում Տոլոսան լավատես չէ: Ըստ նրա, առաջիկայում այս ոլորտնի հաշվին աճ, թերևս, չի լինի:

Տեղին է հիշեցնել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հարցազրույցներից մեկում կառավարության հորդորել էր խուսափել շինարարության ոլորտի հետագա անկումից և համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկը պահպանելու համար:

“Ազատություն”

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply