Ի պատիվ հայ ծանրորդի հաղթանակի հնչեց Հայաստանի օրհներգը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 10, 2010 9:49

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 69 կգ քաշային կարգի մարզուհիների պայքարում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Մելինե Դալուզյանը, երկամարտում ցույց տալով 260 (115+145) կգ, բավարարվեց արծաթե մեդալով:

Մեր մարզուհին երկրորդն էր պոկում և հրում վարժություններում: Ինչ խոսք, սա լավ արդյունք է գյումրեցի ծանրորդուհու համար: Ուրախալի է, որ առողջականի հետ կապված խնդիրները կարգավորելուց հետո, Մելինեն աստիճանաբար վերագտնում  իր լավագույն մարզավիճակը: Չպետք է անտեսել նաև այն, որ նա հանդես եկավ ավելի բարձր քաշային կարգում: Ի վերջո, Դալուզյանի նվաճած արծաթե պարգևներն էլ ազնիվ մետաղից են: Իսկ Եվրոպայի չեմպիոնուհի դարձավ ռուսաստանցի Օքսանա Սլիվենկոն` 262 ( 117+145) կգ:

85 կգ քաշային ծանրորդների մրցավեճում իրենց փայլուն դրսևորեցին սամաղարցի Գևորիկ Պողոսյանը և գյումրեցի Արա Խաչատրյանը, երկամարտում տիրանալով համապատասխանաբար  ոսկե և արծաթե մեդալների: Եվ ի պատիվ Պողոսյանի հաղթանակի հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը:

Պոկում վարժությունում մեր երկու  մարզիկներն էլ ցույց տվեցին  165 կգ, սակայն անձնական քաշով ավելի թեթե լինելու հանգամանքն օգնեց  Խաչատրյանին դառնալու բրոնզե մեդալակիր:: Հրում վարժությունում ավելի լավ հանդես եկավ Պողոսյանը, որը սանձեց 204 կգ-ոց ծանրաձողը և գրավեց առաջին տեղը: Խաչատրյանն այս մրցաձևում ճանաչվեց երկրորդը` 203 կգ:

Այդպիսով, երկամարտում հաղթեց Պողոսյանը` 369 կգ, իսկ պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց Խաչատրյանը` 368 կգ: Բրոնզե մեդալակիր դարձավ Բելառուսի ներկայացուցիչ  Նիկոլայ Նովիկովը` 367 (171+196):

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply