Վարչապետն ընդունց ՀԱԿ պատգամավորի քննադատությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2013 21:09

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ներկայացրեց սեփական մոնիտորինգի արդյունքները` հարկային ոլորտի օրենսդրության կապված փոփոխությունների առումով. «Ընտրել եմ այն օրենքները, որոնք գործարարի, տնտեսությամբ զբաղվողի վրա անմիջական ազդեցություն ունեն»,-ասաց նա` իր դիտարկումների արդյունքում արձանագրած ռեկորդը համարելով պետական տուրքի մասին օրենքը, որը ստեղծման օրվանից ջարդուփշուր է եղել 140 անգամ, որից 55-ը` վերջին 5 տարում:

Նա հիշեցրեց, որ օրենքները որքան քիչ են ենթարկվում  փոփոխությունների, այնքան հաջող են:

Մանուկյանի դիտարկմամբ` կան երկրներ, որոնք ունեն օրենք` օրենք չընդունելու մասին. «Հարկային օրենսդրությունը կոշտ, կարևոր, պինդ, բայց կանխատեսելիության սկզբունք ունի: Էդքան արագ` պատեհապաշտության կամ պահի համար օրենքի փոփոխություն չպետք է անել: Դա միգուցե այդ պահին ճիշտ է, բայց բիզնեսի, ներդրումների առումով քայքայում է դաշտը»:

Վարչապետն ընդունեց պատգամավորի  քննադատությունները` համաձայնելով, որ օրենքների հաճախակի փոփոխությունները լավ բան չեն, քանի որ անհարմարավետություն են ստեղծում բիզնեսը կազմակերպելու առումով:

Ինչ վերաբերում է պատգամավորի թվարկած թվերի շատ թե քիչ լինելուն, վարչապետն անդրադարձավ միջազգային համադրումներին. «Մեր օրենսդրական կարգավորիչ դաշտը գնահատվում է մոտ 25 000 նորմատիվային ակտոով, ինչը մեր նման երկրների համար համադրելի է: Ինչ վերաբերում է օրենսդրության հաճախակի  փոփոխություններին, ապա դա անցումային երկրներին բնորոշ երևույթ է, որովհետև հին համակարգերից անցում է կատարվում նոր համակարգերի»:

Ըստ վարչապետի` պետք է ձգտել, որ փոփոխությունները տեղի ունենան միայն ծայրահեղ դեպքերում, իսկ նախատեսվող փոփոխությունները քննարկվեն բիզնեսի ներկայացուցիչների հետ:

 

Դիտվել է 1917 անգամ:
Print Friendly

Leave a Reply