Օջալան. PKK-ն պետք է զենքը վայր դնի ու հեռանա Թուրքիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 21, 2013 17:11

Քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին կոչ է արել զենքերը վայր դնել ու լքել երկիրը, տեղեկացնում է թուրքական “Հուրրիյեթ” լրատվական կայքը։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում Նովրուզի տոնակատարության ընթացքում հարյուր հազարավոր քրդերի ներկայությամբ սկսել են կարդալ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ երկար սպասված 5 էջանոց ուղերձը ։

Նամակն ընթերցում են Թուրքիայի խորհրդարանի քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության պատգամավորներ Սըրրը Սուրեյյա Օնդերը և Փերվին Բուլդանը` թուրքերենով և քրդերենով:

Քրդերի առաջնորդը շնորհավորել է բոլորին Նովրուզի առթիվ և նշել, որ իրենց կռիվը որևէ էթնիկ կամ կրոնական խմբի դեմ չէ, իրենց պատերազմն անարդարության դեմ է։

“Այսօր նոր Թուրքիայում, նոր Միջին Արևելքում ենք ապրում։ Այսօր նոր փուլ է սկսվում։ Մենք մեզ տարիներ շարունակ զոհաբերել ենք, սակայն այդ զոհաբերությունն ու պայքարն ապարդյուն չի եղել։ Քրդերն իրենց ինքնությունը նորից են հաստատել”,-ասել է նա։

Օջալանը նշել է, որ եկել է ժողովրդավարության, ազատության և հավասարության ժամանակաշրջանը։

“Զենքերը թող լռեն։ Թուրք և քուրդ ժողովուրդների հոսող արյունը թող վերջանա։ Ոչ թե զենքերը, այլ քաղաքականությունը պետք է գործի արդեն։ Թողեք զենքերն ու դուրս եկեք երկրից։ Զինված պայքարից անցնում ենք դիվանագիտական պայքարի”,-գրել է Օջալանը։

Նա նշել է, որ այժմ ոչ թե կռվի, այլ միմյանց հետ ողջագուրվելու և ներելու ժամանակն է։

“Ինձ վստահողները թող հասկանան ժամանակի նրբությունը։ Սա պայքարից հետ կանգնել չի նշանակում, սա նոր պայքարի սկիզբն է”,-ասել է Օջալանը։

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply