ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | March 20, 2013 19:35

Հարց. Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակում է հնչել, թե
Հայաստանն է պատճառը, որ ղարաբաղյան հարցում պահպանվում է ստատուս քվոն, և որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մրցակից լինել, հետևաբար
Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա։
Պատասխան. Առաջընթացի բացակայության և ստատուս քվոյի պահպանման միակ պատասխանատուն Ադրբեջանն է։ Դրա մասին հայտնի է միջազգային հանրությանը, տեղյակ են եռանախագահները։
Եթե Ադրբեջանը իրոք շահագրգիռ է ստատուս քվոյի փոփոխմամբ, ապա վաղուց
պետք է իր համաձայնությունը տված լիներ, այլ ոչ թե մերժեր վերջին
տարիներին եռանախագահների կողմից ներկայացված առաջարկությունները։

Իհարկե, Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել
ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների,
տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի և այլ հիմնարար
ազատությունների առումներով։ Մեր պետությունների և հասարակությունների
տրամաբանությունը և ուղղվածությունը հակադարձ համեմատական են։

Ադրբեջանը խորացնում է ավտորիտարիզմի հիմքերը, Հայաստանը՝
ժողովրդվարության։ Դա հստակ երևում է միջազգային համապատասխան
կառույցների գնահատականներում և վարկանիշային աղյուսակներում։ Հայստանի և
Արդբեջանի միջև հսկայական տարբերություն կա։
Ադրբեջանում կարծում են, որ փողով կարող են հեղինակություն ձեռք բերել,
բարեկամներ առնել, արձաններ կանգնեցնել, ինչ-ինչ կասկածելի բանաձևեր
անցկացնել և դա ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում, բարձր
համբավի ապացույց։
Փողի, խավիարի կամ անգամ նավթի առկայությամբ չէ, որ գնահատվում է երկրի
հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վերջին տարիներին մենք ականատես
եղանք, թե ինչ պատահեց ոչ պակաս հարուստ և ինքնագոհ բռնատիրական
ռեժիմների հետ։

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply