«Փաստորեն, Ձեր մեջ մարել է հեղափոխական լինելու ցանկությունը…». Փոստանջյանը` վարչապետին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2013 18:36

Խորհրդարանում այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, նախ շնորհավորեց «հայկական մեծ հեղափոխության մեկնարկի կապակցությամբ», ապա հայտարարեց. «Բարև՛ հեղափոխություն, բարև՛ հեղափոխական կառավարություն: Չեմ ցանկանում մտածել, որ Դուք անմասն կմնաք հայկական մեծ հեղափոխությունից»:

Նա տեղեկացրեց, որ ամսի 22-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հայ ժողովրդի հաղթական հավաքը և հույս հայտնելով, որ Տիգրան Սարգսյանի մեջ չի մարել հեղափոխական լինելու ցանկությունը,  հետաքրքրվեց` արդյո՞ք նա մասնակցելու է տեղի ունենալիք հաղթահավաքին::

Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ չի մասնակցելու, քանի որ իր աշխատանքային օրակարգն այլ կարևորագույն միջոցառումներով է լեցուն:

Վարչապետը նաև նշեց, որ համաձայն չէ Փոստանջյանի գնահատականների  և հնչեցրած մեղադրանքների հետ. «Դուք քաղաքական բանավեճը տեղափոխում եք վիրավորանքների դաշտ, ինչը, կարծում եմ, տեղին չէ, և այս հեղինակավոր դահլիճը չի կարելի վերածել նման ոճի խոսակցությունների վայր: Դա վատ ճանապարհ է և շատ վատ տեղ է տանում, դրա համար առաջարկում եմ, որ մենք, այնուամենայնիվ, մնանք քաղաքակիրթ երկխոսության շրջանակներում»:

«Փաստորեն, ես ճիշտ հասկացա, Ձեր մեջ մարել է հեղափոխական լինելու ցանկությունը»,-ասաց նա` հույս հայտնելով, որ Տիգրան Սարգսյանի մեջ հեղափոխությունը նորից կարթնանա:

Տիգրան Սարգսյանը պարզաբանեց Փոստանջյանի ակնարկը հեղափոխության վերաբերյալ` մասնավորապես հիշելով ժամանակին գրված իր հոդվածը. «Ինչպես իրականացնել հեղափոխություն». «Սակայն այդ հոդվածում տրամաբանությունը հետևյալն է. ցանկացած հեղափոխություն առաջին հերթին սկսվում է մտածողության հեղափոխությունից: Այսինքն, եթե դուք ուզում եք մեր երկրում արմատական հեղափոխական փոփոխություններ կատարեք, նախ պետք է ձեր գաղափարները ներկայացնեք հանրությանը` վարակելով այդ գաղափարներով: Եթե այդ մտածողության հեղափոխությունը ես տեսնեմ և իմ նման մտածող մարդիկ դա տեսնեն, նշանակում է` այդ հեղափոխությունը կարելի է կյանքում նույնպես իրականացնել: Ցավոք սրտի, ես նման հեղափոխություն չեմ տեսնում այսօր հրապարակում»:

Դիտվել է 1853 անգամ:
Print Friendly

Leave a Reply