Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | ապրիլի 9, 2010 20:38

Երկրի ղեկավարը ներկա է գտնվել Իջեւան քաղաքի ամբողջովին հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման արարողությանը:

Կենտրոնի արդիականացումն իրականացվել է Համաշխարհային բանկի “Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում” վարկային ծրագրի շրջանակում եւ թելադրված է ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության եւ որակի բարձրացումն է:

Իջեւանում ստեղծվել է ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած արդիական բժշկական կենտրոն, որը տեսասարքավորումների միջոցով միացված է նաեւ Երեւանի ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ ու ՙէրեբունի՚ բժշկական կենտրոնների հետ, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտություն դեպքում օպերատիվ խորհրդատվական քննարկումներ կազմակերպել:

Այնուհետեւ Հանրապետության Նախագահը Տավուշի մարզպետարանում մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները քննարկել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ:

Իջեւանից Նախագահ Սարգսյանը մեկնել է Դիլիջան, որտեղ շրջայց է կատարել ՀՀ Կենտրոնական բանկի ՙԴիլիջան՚ տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի շինհրապարակում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, դիտել նախագծերը: Նախագահը եղել է նաեւ ֆինանսաբանկային համալիրի վարչական բնակելի շենքի շինհրապարակում:

Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Դիլիջան քաղաքի բացօթյա ամֆիթատրոն, ՙՀին Դիլիջան-Թուֆենկյան՚ համալիր: ՀՀ Նախագահին ներկայացվել են ՙՀին Դիլիջան՚ համալիրի վերակառուցման եւ նոր մասնաշենքի շինարարության նախագծերը:

Ապա Նախագահ Սարգսյանը եղել է Դիլիջանում կառուցվելիք միջազգային դպրոցի տարածքում: ՙՏրոյկա Դիալոգ՚ ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ծրագրի բովանդակությունն ու նախագծերը:

Նախագահը ողջունել է նախաձեռնությունը եւ հաջողություն մաղթել նրա հեղինակներին ու իրականացնողներին£ Նրա խոսքով` ՙՀայաստանում, մանավանդ այս տարածաշրջանում չափազանց կարեւոր է ունենալ ժամանակակից պահանջներին ամբողջովին համապատասխանող կրթական համալիր՚:

Երկրի ղեկավարը միջազգային ինտերնատ-դպրոցի ստեղծումը կարեւորել է մի քանի առումով.

ՙԳաղտնիք չէ, որ մենք քանակով փոքր ենք եւ կարող ենք ունենալ հաջողություն միայն ու միայն որակի հաշվին : Իսկ լավ որակ կարելի է ձեռք բերել միայն օգտագործելով կրթության ժամանակակից ձեւերը, ստանալ գիտելիք, այնուհետեւ այդ գիտելիքը հաջողությամբ ներդնել կյանքում: Այս նախաձեռնությունը ես կարեւորում եմ նաեւ այն տեսակետից, որ մենք բազմիցս ասել ենք եւ հիմա էլ կրկնում ենք, որ Հայաստանի համաչափ զարգացումը չափազանց կարեւոր հանգամանք է: Իհարկե, այսպիսի կրթահամալիրը պատիվ կբերեր նաեւ Երեւանին, եւ Երեւանն էլ անհրաժեշտություն ունի, բայց մի բան է, որ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան այս կրթահամալիրը գտնվում է Երեւանում, մի այլ բան, որ գտնվում է Դիլիջանում: Այս նախաձեռնությունը ես կարեւորում եմ նաեւ այն տեսակետից, որ պարբերաբար մեր կոչերին արձագանքում են արտերկրում հաջողության հասած մեր հայրենակիցները: Սա շատ կարեւոր եւ պարտավորեցնող հանգամանք է մեզ համար, նկատի ունեմ ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային իշխանություններին : Մենք պետք է կարողանանք համապատասխան աջակցություն ցուցաբերել, որպեսզի այսպիսի նախաձեռնությունների եւ նախաձեռնողների քանակը լինի շատ մեծ: Սա մեզ համար էական հանգամանք է՚:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին, նրա տիկնոջը այս լավ նախաձեռնության համար եւ մեկ անգամ եւս կոչ արել հաջողության հասած մեր բոլոր հայրենակիցներին` հանդես գալ նախաձեռնություններով, որոնք եւս կնպաստեն Հայաստանի առաջընթացին:

Նախագահ Սարգսյանը մասնակցել է նաեւ ծրագրի մեկնարկը խորհրդանշող ծառատունկին:-0-

Դիտվել է 1197 անգամ:

Leave a Reply