Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ճանաչված մասնագետը Հայաստանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 20, 2013 16:32

Այսօր Երևան ժամանեց հանդբոլի ճանաչված մասնագետ Դավուդ Թավաքոլին: Նա ծագոււմով իրանցի է, սակայն բնակվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Թավաքոլին որպես տեսուչ սպասարկել է պատասխանատու մի շարք ստուգատեսներ, նաև վերջերս Իսպանիայում անցկացված հանդբոլի տղամարդկանց առաջնության հանդիպումները: Փորձառու մասնագետը  ներկայացնում է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովը: Նա մարտի 21-24-ը Երևանի Հյուսիսային համալսարանի դահլիճում  սեմինար է անցկացնելու, որին մասնակցելու են Երևանի, Հայաստանի մարզերի և Արցախի շուրջ երկու տասնյակ մրցավարներ և տեսուչներ:
Թավաքոլին  իջևանել է մայրաքաղաքի «Էրեբունի» հյուրանոցում: Նա հայտնեց, որ թեև առաջին անգամ է Հայաստանում, սակայն  աշխատանքի բերումով շփումներ ունեցել  է մեր երկրի հանդբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Եգիպտոսում  կայացած հանդբոլի միջազգային ֆեդերացիայի համաժողովում նա  հանդիպել է և զրուցել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի հետ:

«2004-ից Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի կազմում եմ, տարբեր երկրներ եմ այցելում, սեմինարներ կազմակերպում: Հանդբոլի միջազգային ֆեդերացիան քառամյա ծրագիր է մշակել: Այն գործուղում է մասնագետների, որիպեսզի նրանք տարբեր երկրներում մրցավարների և տեսուչների համար սեմինարներ անցկացնեն: Դա պետք է նպաստի, որպեսզի այդ երկրներիի մրցավարների և տեսուչների մակարդակը բարձրանա: Սեմինարների մասնակիցները հետագայում հնարավորություն կստանան, նախ, եվրոպական կարգեր ստանալու, ապա` միջազգային: Հայաստանի մասին վաղուց եմ լսել: Ծնվել և մեծացել եմ Իրանի Շիրազ քաղաքում: Լավ հայ ընկեր ունեմ, հայկական կենցաղին ծանոթ եմ: Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, խոսակցական լեզվում էլ բառեր են օգտագործում, որոնք իրանցիների և հայերի համար միևնույն նշանակությունն ունեն: Ի դեպ, 1991-ին երբ  հանդբոլիստների Հայաստանի հավաքականն առաջին անգամ Իրան էր եկել, որպեսզի Թեհրանում միջազգային մրցաշարի մասնակցի, դրա ավարտից հետո ես Հայաստանի պատվիրակությանն ուղեկցել եմ Շիրազ և այն հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին: Դեռ այն ժամանակ տպավորվել էի Հայաստանում ապրող հայերով և ցանկություն կար տեսնել հինավուրց ձեր երկիրը»,-ասաց Թավաքոլին:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply