Հայաստանը ներկայացված կլինի «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2013 13:59

Սույն թվականի մարտի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության  հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղական 13 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ  ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում  կայանալիք «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և այս տարի նախատեսվում է 197  երկրներից շուրջ 3000 ընկերությունների մասնակցություն. այս տարի նաև  նշվում է «MITT»-ի 20-ամյակը:

«Առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի  խթանել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը, ինչպես նաև  առավելագույնս օգտագործել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական  համագործակցության մեծ ներուժը»,-նշեց ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման  Խաչատրյանը: «Սույն ցուցահանդեսը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի  ճանաչելիության մակարդակի բարձրացմանը և զբոսաշրջության խթանմանն ուղղված  2013թ. մեր նախաձեռնության խորհրդանշական մեկնարկն է»,-ասաց նա:

«MITT» ցուցահանդեսում հայաստանյան պատվիրակության գլխավոր գործընկերն է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Ձեռնարկությունների  զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: «Մեր  ծրագրի նպատակն է աջակցել ռուսաստանյան շուկայում հայկական զբոսաշրջային  արտադրանքի ներկայացմանը և խթանմանը»,-նշեց «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար  Բրունո Կորնելիոն: «MITT-ի արդյունքում «Ի-Դի-Էմ-Սի»-ին ՀԱՄՀ-ի հետ  համատեղ ռուսական լրատվամիջոցների և ճամփորդական գործակալների համար  կկազմակերպի երկու ճանաչողական այց Հայաստան»:

Ռուսական շուկայում Հայաստանի բրենդի առաջմղման նպատակով Մոսկվայում  մարտի 21-ին կազմակերպվելու է նաև ռուսական զբոսաշրջային գործակալների և  առաջատար ԶԼՄ   երկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-համաժողով, որի  ընթացքում կներկայացվի Հայաստանի զբոսաշրջության գրավչությունը և  զբոսաշրջային արդյունքները:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply