«Ժառանգությունն» ուրբաթ օրը կհրապարակի ավագանու ընտրությունների իր ցուցակը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2013 13:39

Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Մամուլի խոսնակը նախ հավաստեց, որ իրենք շարունակելու են սկսած քաղաքական պայքարը և դրա շրջանակներում չեն անտեսելու նաև ընտրական պրոցեսները:

««Ժառանգությունը» կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին հիմնական քաղաքական հոսանքին զուգահեռ, և սա բնավ կապ չունի իշխանության այն առաջարկի հետ` ըստ որի ավելի լավ կլինի, եթե մենք պատրաստվենք ավագանու ընտրություններին: Տարօրինակ է, որ սահմանադրությամբ նախատեսված գործառույթները մեզ են ներկայացվում որպես խորհուրդ կամ առաջարկ: Մենք առանց դրա էլ բոլոր հնարավորություններն ու իրավունքներն ունենք` մասնակցելու և հաղթելու այդ ընտրություններում», – ասաց Հովսեփ Խուրշուդյանը և հավելեց, որ «Ժառանգության» ամբողջական ցուցակը կհրապարակվի ուրբաթ օրը, իսկ մինչ այդ` վաղը, կենտրոնական ընտրական հանձնաժողովին կներկայացվեն անհրաժեշտ փաստաթղթերը:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի խոսնակը պատասխանեց նաև հարցին, որ վերաբերում էր Սերժ Սարգսյանի հնչեցրած այն մտքին, թե «Ժառանգությունը» չունի բավարար թվով վստահելի մարդիկ, ովքեր կարող էին ընտրության օրը բռնել ընտրակեղծարարների ձեռքը: Ըստ Հովսեփ Խուրշուդյանի` դա զավեշտալի արտահայտություն էր, որ սազական չէր որևէ երկրի  գործող ղեկավարի: «Ստացվում է` նախագահը ընդունում է, որ ընտրությունների թափանցիկության ողջ պատասխանատվությունը ընդդիմության վրա է, իսկ իշխանության իրավունքն է կեղծելը: Այսինքն` նա ընդունում է, որ այս երկրում սահմանադրության համար պայքարող միակ ուժը ընդդիմությունն է: Նա այդ խոսքերով իսկ ինքնաբացարկ է հայտնում», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի խոսնակը:

Ազատության հրապարակում հավաքվել էին ոչ միայն լրագորղներ, այլև պարզապես քաղքացիներ: Նրանց տրամադրությունները շատ բազմազան էին: Ոմանք մեծ հույսեր էին կապում ավագանու ընտրությունների հետ, իսկ մի քաղաքացի նշեց, որ եթե նախագահական ընտրությունները որևէ բան չփոխեցին, ապա նույնը պետք է ակնկալել Երևանի ավագանու ընտրություններից:

Ընդհանուր առմամբ, Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները մեծ հույսեր էին կապում «Բարևի» հեղափոխության հետ և ասուլիսի ընթացքում ու դրա ավարտից հետո էլ ակտիվորեն մասնակցում էին «Ժառանգության» կազմակերպած ստորագրահավաքին:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply