Կարապետ Ռուբինյանն է խոստովանում իր սխալները եւ ներողություն խնդրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 20, 2013 7:55

Նա պատմում է, թե 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ինչպես է շրջապատը խաբել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Առավոտը հայտնում է, որ երեկ Ազատության հրապարակում քաղաքացիները Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ, երբ 1996 թվականին նախագահական ընտրություններում հաղթել էր Վազգեն Մանուկյանը, նույն կերպ դուրս չեկավ հրապարակ եւ չպաշտպանեց նրան ընտրողների քվեն: Նա պատմեց, որ այդ ընտրություններում եղել է Լոռվա մարզային պատասխանատուն. «Իմ խնդիրը եղել է օրինականության ապահովումը: Ես խնդրում եմ իմ անկեղծությանը հավատաք: Ոչ մի հանձնարարություն չեմ ունեցել, ոչ մի խախտում չեմ կազմակերպել: Ավելին՝ այն ժամանակ թաղային հեղինակություններից մեկը կար, չեմ ուզում անունը տալ, եկավ ասեց՝ էսքան հոգանոց ջոկատ ձեր տրամադրության տակ է, գնանք, ջարդենք, փշրենք: Ասի՝ ոչ, գնացեք ձեր տեղը նստեք: Գիշերը իմացա, որ Վանաձորում պարտվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Գիշերը քնել եմ, առավոտյան գնացել եմ խորհրդարան, ինձ զանգել են ասել են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթել է, գնացել եմ շամպայն խմելու, որ Րաֆֆին շատ է սիրում»,- ասաց նա ու ծիծաղեց՝ ավելացնելով, որ իր կուսակցական ընկերներից է իմացել, որ այնուամենայնիվ խայտառակ ընտրություններ են եղել. «Ինչպես այս ընտրություններում իմ ընկերներից մեկը պատմեց, որ Աշտարակի մի գյուղում այ մարդ, լցրեցինք, լցրեցինք, լցրեցինք, էլի տեսանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել: Լեւոն Տեր-Պետրոսյանին շրջապատը համոզել էր, որ ՀՀՇ-ն է իրեն դավաճանել, դրա համար այդպիսի վատ արդյունքներ են եկել: Ես մի անգամ իրեն ասեցի՝ այ մարդ, լավ էլի, ոչ միայն ՀՀՇ-ն չի դավաճանել, այլեւ ապարատը աշխատացրել է իր օգտին: Ցավալի է: Ցավալի է, որ այն ժամանակ բան չեղավ, այդ քննությունը իշխանությունները չբռնեցին, որովհետեւ որպեսզի ժողովրդավարական դառնա երկիրը, մեկ արդար, ազնիվ ընտրությունն էլ բավարար չի: Պետք է իշխանությունը մի անգամ էլ ազնիվ ընտրություններով զսպի, որ նոր իմանանք՝ այդ երկիրը ժողովրդական է դարձել: Էլի եմ ասում, խորը ցավով եւ իմ մեղքն էլ ընդունում եմ՝ այն ժամանակ այդ քննությունը մենք չկարողացանք բռնել, դրա համար այս հետեւանքները դրա պատճառով են»: Հելսինկյան կոմիիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ողջունեց Կարապետ Ռուբինյանին՝ ասելով, որ Հայաստանի հազվագյուտ քաղաքական գործիչներից է, որ իր սխալներն ընդունում է: Ավետիք Իշխանյանն իր հերթին խոստովանեց իր սխալներից մեկը, որ չի հավատացել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպիսի փայլուն արդյունք կարող է գրանցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply