«Հետընտրական ճգնաժամը հնարավոր կլինի լուծել միայն նոր ընտրություններ անցկացնելով». Ստեփան Դեմիրճյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2013 19:07

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին հանդեսավ հայտարարությամբ` ասելով, որ հետընտրական առկա ճգնաժամը հնարավոր կլինի լուծել միայն նոր ընտրություններ անցկացնելով։

Ստեփան Դեմիրճյանին զարմացնում է, թե ինչու մշտապես Հայաստանում ընտրությունները կեղծելուց հետո իշխանությունները սկսում են խոսել հանդուրժողականությունից, ինչը նա արատավոր երևույթ է համարում:  «Ամեն անգամ ընտրությունները կեղծելուց հետո իշխանությունները սկսում են խոսել հանդուրժողականության, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, ողջամիտ փոխզիջումների անհրաժեշտության մասին, իսկ ընդդիմության պահանջը՝ նոր, արդար ընտրություններ անցկացնելու մասին, համարում մաքսիմալիստական»,- ասաց նա` նշելով, որ լավագույն երկխոսությունը դա ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է:

Ըստ պատգամավորի՝ ոչ թե պետք է ամեն կեղծված ընտրությունից հետո քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը, այլ պարզապես հարկավոր է կյանքի կոչել Սահմանադրության 2-րդ՝ անփոփոխ հոդվածը, համաձայն որի՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:

Նա նաև անդրադարձավ 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին` հույս հայտնելով, որ այդ դեպքերն ուսումնասիրելու նպատակով ԱԺ-ում ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովին կհաջողվի, ի վերջո, բացահայտել սպանությունները:

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply