ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 19, 2013 18:18

Մարտի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Շնորհավորելով Օլեքսանդր Պավլյուկին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նա հաջողությամբ կշարունակի Երեւանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխատանքը` ուղղված ԵԽ -ՀՀ գործընկերային կապերի հետագա ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս առումով ԱԺ նախագահը կարեւոր համարեց Հայաստան -Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, որը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու ստանձնած պարտավորությունները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության խորացումը, ինչին աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Պավլյուկը կարեւորեց ԵԽ-ՀՀ համագործակցության հետագա զարգացումը տարբեր ուղղություններով: Նա նշեց, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր, Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ 2013 թվականի մայիսի 16-ից ստանձնելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչը նոր որակ կհաղորդի ԵԽ-ՀՀ փոխգործակցությանը: Նրա խոսքով` Հայաստանը ստացել է եզակի հնարավորություն դրսեւորելու իր առաջնորդելու կարողությունները եւ հավատարմությունը եվրոպական արժեքներին: ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի հետ արդյունավետ փոխգործակցությունը եւ համոզմունք հայտնեց, որ մայիսի 29-31-ը Երեւանում անցկացվելիք ԵԽԽՎ Նախագահական կոմիտեի, Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի նիստերը մեծապես կնպաստեն ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԽԽՎ միջեւ համագործակցության խորացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply