Եվրախորհրդարանի պատգամավորները բողոք են ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2013 17:06

Եվրախորհրդարանի (Եվրամիության օրենսդիր մարմինը) պատգամավորներ Ուլրիկե Լունաչեկն ու Վերներ Շուլցը նամակ են հղել  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, արտգործնախարար Էլմար Մամեդյարովին և խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովին և կոչ արել դադարեցնել բռնաճնշումները մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:

“Մենք խորին մտահոգությամբ հետևում ենք Ադրբեջանում կատարվող քաղաքական վերջին իրադարձություններին, ընդդիմադիրների ձերբակալությունների, նույնիսկ վերապատրաստման դասընթացների անցկացումն արգելելու մասին փաստերին»,-նշել են պատգամավորները: Վերջիններս ընդգծել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուի և “Հանրապետական այլընտրանք” շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ձերբակալությունը`դրանք համարելով քաղաքականացված:

Եվրախորհրդարանականները նաև իրենց վրդովմունքն են հայտնել փետրվարի 12-13-ին Խաչմազ քաղաքում անցկացված վերապատրաստման դասընթացի մասնակիցների ձերբակալության փաստի առնչությամբ: Այս դասընթացն անցկացվում էր “Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ” միջազգային ծրագրի շրջանակում:

Պատգամավորները խոսել են խաղաղ ակցիաների ժամանակ կատարվող ձերբակալությունների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հետապնդումների, ինչպես նաև խաղաղ հավաքներն արգելելու  դեպքերի մասին: “Մենք Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին կոչ ենք անում քաղաքական կամք դրսևորել ու բարեփոխումներ իրականացնել հավաքների, ինչպես նաև  խոսքի ազատության ասպարեզում, ինչը հատկապես կարևոր է, քանի որ առաջիկայում նախագահական ընտրություններն են”,-նշել են պատգամավորները` հավելելով,որ իրենք կոչ ենք  անում նաև անհապաղ ազատ արձակել Իլգար Մամեդովին ու Թոֆիկ Յագուբլուին, ինչպես նաև տարբեր ակցիաների ժամանակ ձերբակալված լրագրողներին ու քաղբանտարկյալներին, դադարեցնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումները:

“Ժողովրդավարությունը,  օրենքի գերակայությունը, հավաքների,  խոսքի ու ԶԼՄ-ների ազատությունը Արևելյան գործընկերության ծրագրի հիմնարար արժեքներն են ու պարզապես թղթի վրա գրված բառեր չեն և պետք է երաշխավորվեն ու կյանքի կոչվեն»,-պաշտոնական Բաքվին հիշեցրել են եվրախորհրդարանականները:

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ստեղծվել է ԵՄ–ի կողմից և ուղղված է ԵՄ-ի հետ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցմանը:

Նշենք, որ 2013թ. հոկտեմբեր 16-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը:

 

Դիտվել է 662 անգամ:
Print Friendly

Leave a Reply