Զրպարտանքն ու վիրավորանքը ապաքրեականացվում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 9, 2010 17:00

ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը ապաքրեականացնում են զրպարտությունը և այն տեղափոխում քաղաքացիական-իրավական հարթություն:

Այս կարծիքի հետ համամիտ էին այսօր՝ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի կողմից կազմակերպած լսումների մասնակիցներից շատերը:
«Ես զարմանում եմ, որ այս քննարկմանն այսքան քիչ մարդ է հավաքվել, որովհետև առաջին ընթերցման ժամանակ այն խիստ քննարկումներ առաջացրեց,- ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը,- ես կարևորում եմ զրպարտանքի և վիրավորանքի ապաքրեականացումը, սակայն լուծելո՞ւ է այս օրինագիծն այն խնդիրը, որ յուրաքանչյու լրագրող պատասխան տա իր ամեն տառի ու խոսքի համար: Ոչ: Այս խնդիրը չի լուծվելու, որովհետև այստեղ ներքին էթիկայի խնդիր կա, որը ոչ մի օրինագծով էլ չի կարգավորվի»:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանն ասաց, որ խոսքի ազատությունն ու մարդու արժանապատվությունը գտնվում են հավասար հարթությունների վրա և չի կարելի մեկը մյուսից գերակա դասել, սակայն դրանց միջև պետք է լինի բալանսավորում:

«Ես դեմ եմ օրինագծին,- ասաց նա,- այս դաշտը պետք չէ ապաքրեկանացնել: Պետք չի ցույց տալ, որ մենք շատ ավելի պուպուշ ենք, քան այլ եվրոպական երկրներ: Մենք պետք է բարձրացնենք մեր լրատվամիջոցների դերը, իսկ կառավարությունը պետք է նպաստի այդ դաշտի կայացմանը»:

Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը զարմացավ, թե ինչու հանկարծ այդպես փութկոտությամբ այս օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ. «մինչդեռ բավական առաջարկություններ, որ արվում են, տարիներով մնում են դարակներում անուշադրության մատնված»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն ասաց, որ կողմնակից է զրպարտություննն ու վիրավորանքը ապաքրեականացվելուն:

«Սակայն այս մեկ նախադասությամբ վերջանում են այս օրինագծի նկատմամբ իմ վերաբերմունքը,- ասաց նա,- այն դեմ է ՀՀ սահմանադրությանը, Եվրոպական կոնվենցիային ու ՀՀ օրենսգրքին: Իսկ ձևակերպումներն այնքանես լղոզված են, որ հնարավորություն են ընձեռում ԶԼՄ-երին գործիք դառնալ դատական իրավական համակարգի ձեռքին»:

Նա ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու, երբ մի քաղաքական գործիչ հրապարակայնորեն մյուսին անվանի դատարկ դհոլ, իսկ մի որևէ ԶԼՄ այն գրի, անվանարկված գործիչը՝ ըստ օրինագծի, կարող է պատասխանատվություն պահանջել և այդ դեպքում վիրավորանք արտահայտող անձի ու այն տարածած լրատվամիջոցի տուգանքը տարբերվում է քառակի անգամ:

«Այս օրենքը ուղղված է ԶԼՄ-երի դեմ և լուրջ վտանգ է ներկայացնում նրանց համար»,- ասաց նա:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply