Ստվերային կառավարություն. Հետընտրական Հայաստանը քաղաքագետների աչքերով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2013 15:09

Այսօր քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը և Ստեփան Գրիգորյանը «Հայացք» մամուլի ակումբում վերլուծեցին Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակը, խոսեցին հեռանկարների մասին:
Կարծիքները հենց սկզբից բաժանվեցին: Ըստ Երվանդ Բոզոյանի` այսօր խոսել Հայաստանում ստվերային կառավարության մասին, աբսուրդ է, որովհետև նման կառավարություն կարելի է ստեղծել միայն այն դեպքում, եթե քաղաքական գլխավոր քայլերը տեղի են ունենում խորհրդարանում, մինչդեռ այսօր տեսնում ենք, որ այդ քայլերը առավելապես փողոցում են ընթանում: Ստեփան Գրիգորյանը հակադրվեց այս մտքին` հիմնավորելով դա նրանով, որ Հայաստանում խորհրդարանի ինստիտուտը ակնհայտորեն կայացած չէ:«Մեր խորհրդարանում կա լավագույնը 28 պատգամավոր, իսկ մյուսները օլիգարխներ են և անգամ չեն էլ թաքցնում դա, մինչդեռ պատգամավորի ձեռներեցությամբ զբաղվելը խախտում է ՀՀ սահմանադրությունը: Այս պարագայում ո՞րն է նախընտրելի` փողո՞ցը, թե՞ խորհրդարանը», – հարց բարձրացրեց Ստեփան Գրիգորյանը, ինչին ի պատասխան մյուս բանախոսը պնդեց, թե քաղաքացիական ուժերը փողոց դուրս բերելը հարցի լուծում չէ, քանի որ տնտեսական շահերի ու կապիտալի կուտակման հիմքով ստեղծված պետական մեքենային որևէ բան հարկադրելու և երկիրը ստեղծված խայտառակ վիճակից դուրս բերելու համար քաղաքական լուծումներ են պետք, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր չի տալիս որևէ քաղաքական լուծում:
Չհամաձայնելով այս մտքին` Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի` արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պահանջը զուտ քաղաքական լուծում էր, որը, սակայան, մերժվեց կառավարության կողմից:«Ես գտնում եմ, որ խնդիրը ոչ միայն լուծումներ առաջարկելու մեջ է, այլև պետք է, որ հենց կառավարությունը քաղաքական կամք դրսևորի: Եվրոպական երկրներում անգամ երբ 3000 մարդ է փողոց դուրս գալիս, կառավարությունը անմիջապես նիստ է գումարում ու լուծում փնտրում, իսկ մեզ մոտ անգամ բողոքով փողոց ելած 30000 մարդու կարծիքը կարող է անտեսվել», – ասաց Ստեփան Գրիգորյանը:

 

Լարա Առաքելյան

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply