Ս.Սարգսյանը սոցիալական խնդիրների մասին՝ «Հուլիսից աշխատավարձի շոշափելի բարձրացում կլինի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2013 8:15

Ըստ Առավոտի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ երեկ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ երկրում առկա սոցիալական խնդիրներին. «Ես երբեք ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը պակասի, ես համարում եմ, որ դեռեւս շատ շատ տեւական ժամանակահատվածում դժգոհողների թիվը գնալով ավելանալու է, պետական պաշտոնյաների աշխատանքից չբավարարվածների թիվն ավելանալու է, պրոբլեմների լուծման նկատմամբ ակնկալիքները մեծանալու են: Ես չեմ ասում, որ մի երկու հարյուր տարի է պետք, որպեսզի հասնենք ժողովրդավարությանը: Բայց մի հատ նայեք՝ Ֆրանսիայի պես երկրում Սարկոզիի պես մարդուն 27% ձայն են տվել, էդ ի՞նչ ա նշանակում, որ գոնե քվեարկողների 72%-ը դժգոհ է եղել: Այսինքն, իշխանավորը, հանրապետության նախագահը չպետք է ակնկալի, որ դժգոհների քանակը պակասելու է: Այո, իհարկե, մեր թիվ մեկ խնդիրը տնտեսության զարգացումն ու աղքատության կրճատումն է: Բայց վիճակը լավանալուն զուգահեռ՝ ավելանում է պահանջը: Որեւէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը, թոշակները, ես դա չեմ ասել գիտակցաբար, որովհետեւ դա էլ եմ կաշառքի մի ձեւ համարում, բայց դա չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագիր չունենք. տարվա վերջում ունենալու ենք 35-40 մլրդ դրամի տնտեսում, 7% տնտեսական աճ առնվազն եւ աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից: Ունենք ծրագրեր՝ միջին աշխատավարձի չափը բարձրացնելու: Կառավարությունում լրջությամբ քննարկում են այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրացնելու հարցը, թոշակների բարձրացման հարցը: Եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգա, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեեւ աշխարհի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն է: Մենք կարողացել ենք ամբողջովին հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները»:

Ա.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է 702 անգամ:
Print Friendly

Leave a Reply