Բաքվում իրավապաշտպանների ցուցահանդեսը փակվել է բացվելուց անմիջապես հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 17:30

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` “Խեթայի” արվեստի կենտրոնում, տապալվել է «Ադրբեջանում իրավապաշտպանի աշխատանքը» խորագրով ցուցահանդեսը, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:

Ֆոտոցուցահանդեսը կենտրոնի ղեկավարության պահանջով փակվել է բացվելուց մոտ կես ժամ անց: «Խեթայի» արվեստի կենտրոնի տնօրինությունը պահանջել է փակել ցուցահանդեսը՝ ասելով, թե թյուրիմացություն է տեղի ունեցել. իրենք տեղյակ չեն եղել, որ ցուցահանդեսի թեման մարդու իրավունքներն է լինելու:

«Կենտրոնի մենեջերը մեզ տեղեկացրեց, որ իրենք սխալմամբ են մեզ թույլ տվել ցուցահանդես անցկացնել կենտրոնում, քանի որ «Խեթայի»-ն նախատեսված չէ նման ցուցահանդեսների համար»,-ադրբեջանական “Turan” գործակալության հետ զրույցում ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ Շահլա Իսմայիլովան և հավելել, որ իրենք նախօրոք տեղյակ էին պահել, որ ցուցահանդեսը նվիրված է մարդու իրավունքներին:

Իսմայիլովան ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ իրենք զգալի դժվարությունների են բախվել ինչպես ցուցահանդեսի համար տարածք գտնելու, այնպես էլ տպագրություններում լուսանկարները տպելու հարցում: «Մեզ ամենուր մերժում էին ու պահանջում, որ նախ թույլտվություն ստանանք նախագահի աշխատակազմից»,-նշել է նա:

Ցուցահանդեսում ներկայացված է եղել ավելի քան 1000 լուսանկարներից ընտրված մոտ 100 լուսանկար, որոնք կազմակերպիչներին տրամադրել են տարբեր լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ: Լուսանկարներն արվել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումների ժամանակ: Դրանք պատմում են Ադրբեջանում մարդու իրավունքների ու խոսքի ազատության համար մղվող ոչ հեշտ պայքարի մասին:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply