«Ա-ն ասել եք, Բ-ն էլ ասեք». Գուրգեն Արսենյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 18, 2013 15:40

Խորհրդարանում այսօր քննարկվեց Կառավարության ներկայացրած “Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով “Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն” ՓԲԸ-ի ստեղծման նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը արտահանման վարկի ապահովագրությամբ զբաղվող ընկերությունում:

Նախագծի ընդունման նպատակն է արտահանում իրականացնող կազմակերպություններին աջակցության նոր գործիքների մշակումն ու արտահանմանն աջակցող ինստիտուտների կարողությունների զարգացումը:

“Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը դրական է համարում նախագիծը, սակայն մտավախություն ունի, որ այն կգործի ոչ հոգուտ շարքային ձեռնարկատերերի. «Այսինքն, չստացվի, որ ցանկանում էինք լավ բան անել, բայց ստացվեց ինչպես միշտ»:

Գուրգեն Արսենյանը գտնում է, որ մինչ այժմ միայն մարդ արտահանելով զբաղված կառավարությունը հավանաբար վերանայել է իր դիրքորոշումը և որոշել է խթանել ապրանքների արտահանումը: «Սակայն արտահանման խթանման այդ լոզունգի կիրառումը պետք է ունենա հստակ թիրախներ: Ա-ն ասել եք, Բ-ն էլ ասեք: Եթե կան ընկերություններ, որ կարող են մրցակցային լինել, օգնեք այդ ընկերություններին: Ժամանակն է, որ մենք փոխենք այդ մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքը: Մարդիկ են աշխատում և մարդիկ են ստեղծում հանրային բարիք»:

Այսօր իրավիճակն, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, հետևյալն է. «Տնտեսվարողները գնտվում են շատ ծանր վարչարարական փոխհարաբերությունների մեջ, նրանց դիտարկում են օբյեկտ, որոնցից բան է պետք վերցնել: Հենց այդ բեռը թուլացնեք, կտեսնեք, թե Հայաստանի տնտեսական աճը ոնց է տեղի ունենում»:

Նա կառավարությանը կոչ արեց հասկանալ, թե ինչ է պետք է ձեռնարկատերերին և օգնել նրանց, ոչ թե խանգարել:

«Եթե ուզում եք սունկ հավաքել, սպասեք՝ անձրևը գա: Միայն կարողացեք այդ անձրևն ապահովել»,-ամփոփեց Գուրգեն Արսենյանը:

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, խիստ կարևոր ու օրակարգային համարելով նախագիծը, նշեց, որ նախագիծը դառնալու է ոչ թե շարքային, այլ գործուն փաստաթուղթ՝ որոշակի արդյունավետությամբ:

Ըստ նրա, կառավարության առաջարկն արտառոց է, քանի որ պետական ապահովագրական ընկերություն ստեղծելուն վերադառնալը նշանակում է լրջագույն խնդիրներ ունենալ ոլորտում: Խնդիրներից մեկն էլ այն է, որ մասնավոր ապահովագրական ընկերությունները խուսափում են ապահովագրել տնտեսվարողներին, ուստի պետությունը դա իր վրա է վերցնում:

 

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply