Զարուհի Փոստանջյանը կրկին «իրար խառնեց» խորհրդարանի աշխատանքը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 18, 2013 12:57

Մեկնարկեց Ազգային ժողովի 5-րդ գումարման երրորդ նստաշրջանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, հայտարարեց, որ հետըտրական գործընթացներն Ազգային ժողովի արտահերթ նիստում քնարկելու նախաձեռնությունը ձախողվել է. «Պարոն Աբրահամյան, նախորդ քառօրյայի հենց սկզբից, արձագանքելով ընդդիմության հորդորին, որ պետք է ներքաղաքական իրավիճակը քննարկվի, Դուք ասացիք, որ պատրաստ եք: «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ներկայացրեցին նախագիծ, եղան բանակցություններ, սակայն Դուք  մերժեցիք մեր նախագիծը՝ չներկայացնելով ձեր կողմից որևէ նախագիծ»:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ գործընթացը ձախողված չի համարում, և այսօր էլ պատարստ է հարցը քննարկել՝ պարզաբանելով, որ իրենք դեմ են ոչ թե արտահերթ նիստ գումարելուն, այլև «Ժառանգության» կողմից ներկայացված հարցերից մեկին, որը վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելուն. «Մենք առաջարկեցինք հարցի մեջ փոփոխություն անեք, բացի ձեզանից, մյուս խմբակցությունները նույնպես մեզ հետ համաձայն էին, սակայն քանի որ դուք դա չարեցիք, դրա համար էլ չստացվեց»:

Հովիկ Աբրահամյանը հորոդորեց ԱԺ բոլոր ուժերին՝ հավաքվել ևս մեկ անգամ արտահերթ նիստ գումարելու հարցը քննարկել:

Ռուբեն Հակոբյանը, սակայն, հայտարարեց, որ իրենք այլևս այդ բանակցություններին չեն մասնակցելու: «Դուք կարող էիք արտահերթ նիստում մերժել մեր նախագիծը,-ասաց Հակոբյանը,-ես կարծում եմ, որ խորհրդարանը իրավունք չունի անմասն մնալ այն իրավիճակից, որն այսօր կա Հայաստանում: Մենք խորհրդարանի գործառույթները տեղափոխել ենք փողոց, քրեական աշխարհ: Խորհրդարանը պետք է ժողովրդին ապացուցի, որ օրենսդիր մարմին է, և անմաս  չէ տեղի ունեցող գործընթացներից»:

Դրանից հետո վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք ստացավ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: «Սիրելի՛ Րաֆֆի…»,-հայտարարեց  Փոստանջյանը, որի խոսափողը, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անջատեց՝ նկատելով, որ հայտարարությունը օրակարգին չի վերաբերում:

Այնուհետև, կրկին ելույթի իրավունք ստանալով, Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի խոսնակից բացատրություն պահանջեց.«Կարո՞ք ենք իմանալ՝ ով է որոշում, թե ինչպիսի վարման կարգի վերաբերյալ պետք է մենք հայտարարություններ անենք, ինչպե՞ս եք դուք կանխակալ գնահատական տալիս մեր հայտարարություններին, Ձեր գործողություններն օրինակա՞ն են, թե ոչ»:

Հովիկ Աբրահամյանը «բացատրեց», որ հարցերն ու ելույթները պետք է լինեն այդ պահին քննարկվող հարցի վերաբերյալ:

Քիչ անց Զարուհի Փոստանջյանը կրկին գրանցվեց ելույթի համար, և դեռ մի քանի բառ էլ չէր հասցրել ասել, երբ Շարմազանովը կրկին նրա խոսափոխն անջատեց, քանի որ դա կրկին վերաբերում էր «սիրելի Րաֆֆուն ու փետրվարի 18-ին»:

Պատգամավորը շարունակեց ելույթն անջատված խոսափողով: ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի նյարդերը տեղի տվեցին, և նա ձայնի իրավունք խնդրեց: Հովիկ Աբրահամյանն էլ, խիստ շփոթված, ասաց. «Մանվել Բադեյանի հեռախոսը միացրեք»: Խորհդրարանի ղեկավարի շփոթունքը համատարած ծիծաղ առաջացրեց դահլիճում: Իսկ երբ Բադեյանի «հեռախոսը» միացրին, նա կոչ արեց դահլիճից հեռացնել պատգամավորների աշխատանքը խոչընդոտող Փոստանջյանին. «Եթե դուք դուրս չբերեք, ես դուրս կբերեմ»,-ասաց վրդովված ՀՀԿ-ականը:

Հովիկ Աբրահամյանը կոչ արեց Զարուհի Փոստանջյանին թույլ տալ շարունակել աշխատանքը, սակայն վերջինս լռեց միայն այն ժամանակ, երբ ընթերցեց ողջ հայտարարությունը:

 

 

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply