Հնդկաստանի գերագույն դատարանը Իտալիայի դեսպանին մինչև ապրիլի 2-ը չի թույլատրում հեռանալ երկրից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 12:04

Հնդկաստանի Գերագույն դատարանը երկարացրել է Իտալիայի դեսպան Դանիել Մանչինիին երկրից հեռանալու արգելքը մինչև ապրիլի 2-ը, հայտնում է հնդկական  NDTV հեռուստաալիքը: Արգելքը  կապված է սպանության մեջ մեղադրվող  իտալացի նավաստիների գործի հետ, որոնց Հռոմը հրաժարվել է հանձնել Հնդկաստանին:

Ավելի վաղ Մանչինին իր անունից երաշխավորել էր, որ Լաթորե Մասիմիլյանոն ու Սալվատորե Ջիրոնեն, որոնց դատարանը թույլատրել էր հայրենիք վերադառնալ նախագահական ընտրությունների քվեարկություններին մասնակցելու համար, մարտի 22-ին կվերադառնան Հնդկաստան: Սակայն, մարտի 11-ին Իտալիայի ԱԳ նախարարությունը հայտնեց, որ նավաստիները չեն վերադառնա Հնդկաստան:

Անցած շաբաթ Հնդկաստանի Գերագույն դատարանը Մանչինիին կարգադրեց մինչև մարտի 18-ը պարզաբանում ներկայացնել: Դատարանը հայտարարեց նաև, որ դեսպանն առանց հատուկ հրահանգի չի կարող հեռանալ Հնդկաստանից մինչև մարտի 18-ը:

Դեսպանի փաստաբանները պնդում են, որ այդ արգելքը խախտում է  Վիեննական կոնվենցիայի 29-րդ հոդվածը և օրինական  ուժ չունի: Սակայն, երկուշաբթի, լսումների ժամանակ դատարանի նախագահ Ալթամաս Կաբիրը հայտարարել է, որ դեսպանը դիվանագիտական անձեռնմխելիության իրավունք չունի: ”Նա, ով գալիս է դատարան ու երաշխիքներ տալիս (որոնք հետո խախտում է), իմունիտետ չունի”,-հավելել է Կաբիրը:

Հնդկական կողմի վարկածի համաձայն, իտալական Enrica Lexie տանկերի հսկիչները 2012-ի փետրվարին Արաբական ծովում ձկնորսական նավը ավազակայինի հետ շփոթելով գնդակոծել են: Կատարվածի հետևանքով զոհվել է 2 ձկնորս: Դրանից հետո ափային պաշտպանությունից Enrica Lexie-ը Քերալի Կոչին նավահանգիստ բերվեց, ոստիկանությունը ձերբակալեց նավաստիներին, իսկ հետո նրանց թույլատրվեց 4 շաբաթով մեկնել Իտալիա: Հունվարին Հնդկաստանի իշխանությունները որոշեցին, որ նրանց գործով պետք է զբաղվի Նյու Դելիում ստեղծված հատուկ դատարանը: Իտալիայի իշխանություններն էլ պնդում են, որ նավաստիներին պետք է դատեն Հռոմում:

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply