Չխաբենք ինքներս մեզ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 9, 2010 13:09

Հայկական ֆուտբոլը խղճուկ վիճակում է, և անիմաստ է արհեստականորեն գերագնահատել մեր ազգային հավաքականի հնարավորությունները:
Ընդ որում, վերջին շրջանում աշխուժության շարժառիթն այն է, որ Հայաստանի այս մարզաձևի ազգային հավաքականին ոչ այնքան ուժեղ մրցակիցներ են բաժին հասել ֆուտբոլի 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում` B խումբ: Փորձեր են արվում սրություն հաղորդել, թե այս առումով մեր երկիրն ինչ-որ բան իրենից ներկայացնում է և կարելի է սպասելիքներ ունենալ: Բայց չխաբենք ինքներս մեզ: Թել Ավիվում կայացած ՈւԵՖԱ-ի 34-րդ համաժողովի ժամանակ կատարված վիճակահանությամբ կազմված խաղացանկը մեր ընտրանու համար, կարելի է ասել, ստացվեց պատվերով, այնպես, ինչպես մերոնք էին ցանկանում: Սեպտեմբերի 3-ին Իռլանդիայի հավաքականի հետ երևանյան հանդիպումով Հայաստանի ազգային հավաքականը կսկսի ֆուտբոլի 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Չորս օր անց մերոնք հյուրընկալվելու են Մակեդոնիայի ֆուտբոլիստներին: Հոկտեմբերի 8-ին և 12-ին կայանալիք Հայաստան-Սլովակիա և Հայաստան-Անդորրա հանդիպումներով մեր ֆուտբոլիստները կավարտեն այս տարվա համար նախատեսված ընտրական մրցախաղերը: Իսկ 2011-ի մարտի 26-ին մերոնք դրսում խաղալու են Ռուսաստանի ընտրանու հետ, հունիսի 4-ին` նույն թիմին հյուրընկալելու են տանը: Խաղացանկի շարունակությունն այսպիսին է. սեպտեմբերի 2-ին` Անդորրա-Հայաստան, սեպտեմբերի 6-ին` Սլովակիա-Հայաստան, հոկտեմբերի 7-ին` Հայաստան-Մակեդոնիա, հոկտեմբերի 11-ին` Իռլանդիա-Հայաստան:
Ինչպես հայտնի է, մինչև այդ` մարտի 15-16-ին Մոսկվայում կայացած B խմբի հավաքականների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ խաղացանկը քննարկվել էր, և կողմերն ընդհանուր հայտարարի չէին եկել հենց Հայաստանի պատվիրակների դեմ լինելու պատճառով, քանի որ ներկայացված տարբերակով մերոնք մրցաշարը սկսելու էին արտագնա երկու խաղով: Իսկ նոր տարբերակը բոլոր առումներով գերադասելի է: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն հայտնել է, որ այն իր սրտով է: Եվ, քանի որ Հայաստանի հավաքականին այնքան էլ ուժեղ մրցակիցներ բաժին չեն ընկել, և մեկնարկային չորս հանդիպումներից երեքը մեր ֆուտբոլիստներն անցկացնելու են սեփական հարկի տակ, ուրեմն մրցաշարի սկզբից միավորներ վաստակելու և հաջող հանդես գալու համար ռեալ նախադրյալներ ստեղծելու հնարավորություն է առաջացել:
Խնդիրն այն է, թե դա ինչպես պետք է արվի: Փաստորեն, իրականում այն հավաքականը որը կա, որևէ ներուժ չունի: Այս տարի Թուրքիայի Անթալիա քաղաքի մարզադաշտում կայացած Բելառուսի հավականի հետ ընկերական խաղում կրած պարտությունն էլ (1:3) դա հաստատեց: Ի դեպ, ընտրական մրցաշարերից առաջ հավաքականների համար փորձում են այնպիսի մարզիչներ գտնել, ովքեր որևէ բանի հասած են լինում իրենց գործունեության ընթացքում: Միջազգային ֆուտբոլում պատահական ոչինչ չի լինում: Ի դեպ, այս ընտրափուլից առաջ խոսակցություններ կային, որ ի վերջո մեր երկիր աշխատելու կարող է գալ Ուրուգվայը ներկայացնող մեր հանրածանոթ հայրենակից Սերխիո Մարգարյանը: Բայց այդ մարզչի հետ նորմալ բանակցել չէր հաջողվել: Նրան առաջարկվել էր ստանձնել Հայաստանի հավաքականի և որպես բեռ` մեր ակումբներից մեկի ղեկը: Բնական է, որ լուրջ, իրեն հարգող մասնագետը, որքան էլ հայրենասեր լիներ, այսպիսի նախապայմաններով չէր աշխատի: Հետևանքը եղավ այն, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը գլխավորեց Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Փաստորեն, նա փորձելու է մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել: Կարելի է ասել միայն, որ նրա ակումբը թերևս Հայաստանի առաջնությունում էլ ավանդաբար, տարիներ շարունակ չեմպիոն չդառնար, եթե մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հոգեզավակը չլիներ: Թե ինչ է արվում դրա համար և ինչպես, բոլորին է հայտնի: Թերևս, այդ ամենն այնքան ակնառու է և կասկածի տեղիք չտվող, որ Մինասյանը հայտնել է, թե ակումբի մարզչական գործերը թողնելու է հիմնականում իր օգնականներին: Իսկ նրա մակարդակի մասնագետին ձեռնտու է հավաքականը հանձնելը (նա անգամ ակումբային ֆուտբոլում միջազգային որևէ հաջողության չի հասել) այն պարզ պատճառով, որ գրեթե փող ծախսելու խնդիր չկա:
Ի դեպ, թե ինչ է լինելու ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի առաջադրանքը, պարզ չէ: Հետաքրքիրն այն է, որ մեր մրցակիցները Հայաստանի հավաքականին այնքան էլ լուրջ հակառակորդ չեն համարում: Մասնավորապես, անգլիական «Լիվերպուլի» և Սլովակիայի հավաքականի պաշտպան Մարտին Շկրտելը հայտնել է, որ Հայաստանի հավաքականին հեշտորեն կհաղթեն, քանի որ լավ մարզավիճակում կլինեն: Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին էլ ուրախ է, որ իր թիմը մրցելույթը սկսելու է Հայաստանի հավաքականի հետ խաղով: Նա նույպես կարծում է, որ այդ ժամանակահատվածում իր թիմի խաղացողները լավ մարզավիճակում կլինեն և առավելագույն միավորներ կվաստակեն:
Ներկայումս դժվար է հակադրվելու համար որևէ փաստարկ բերել: Հայկական ֆուտբոլն անդունդում է հայտնվել: Հայաստանի մեկնարկած հերթական առաջնությանը 8 թիմ է մասնակցում, որոնց կեսն է միայն պայքարում մրցանակների համար: Մեկնարկային խաղերում գրանցված խոշոր հաշիվները դրա և ստուգատեսի անհետաքրքրության մասին են վկայում: Սակավաթիվ թիմերի մասնակցությամբ Հայաստանի գավաթի խաղարկությունում երկու հաղթանակից հետո ակումբը հասնում է եզրափակիչ: Ինչ վերաբերում է մեր առաջին խմբի առաջնությանը, ապա արդեն հայտնի է, որ Երևանի «Արարատը» ինչպիսի արդյունք էլ ցույց տա, միևնույն է, հաջորդ տարի տեղափոխվելու է բարձրագույն խումբ, քանի որ մրցակիցները բարձրագույն խմբի ներկայացուցիչների դուստր ակումբներն են և ուղեգրի համար չեն պայքարում: Այսինքն` այդ ստուգատեսն էլ ձևական է և անիմաստ: Մինչդեռ, այսպիսի ֆուտբոլ ունենալով, ինքնախաբեություն կլինի առաջիկայում որևէ լավ բան ակնկալելը:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply