Սերժ Սարգսյանը չի այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2013 15:37

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այցելել Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Չեմ կարծում, որ կգնա, որովհետեւ հանդիպումը, բնական է, քաղաքական չի կարող լինել, դա ակնհայտ է: Իսկ պատշաճության տեսանկյունից, կարծում եմ, որ նախագահի ունեցած օրակարգի խնդիր է, բավականին ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունի ու նաեւ դրա հիմնավորումը չունեմ, թե ինչու պետք է այցելի»,- նշել է Գալուստ Սահակյանը: Մեր այն հարցին, թե Դուք անձամբ այցելելու՞ եք Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը տվել է հետևյալ պատասխանը. «Եթե ես զգացի, որ իմ այցելությունը որոշակի արդյունք կտա, բնականաբար, կայցելեմ»: Մեր այն դիտարկմանը, թե ի՞նչ արդյունքի մասին եք խոսում, այսինքն, մտածում եք` արժե գնալ եւ հորդորել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ո´չ, գնամ համոզեմ, որ իր առողջության մասին մտածի: Կարծում եմ, եթե նպատակահարմար գտնեմ եւ մտածեմ, որ որոշակի ազդեցություններ կունենամ, բնականաբար, կգնամ այցելության` զուտ որպես քաղաքացի, որպես հայ մարդ»: Գալուստ Սահակյանը անդրադարձել է նաեւ Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ինքը աղոթում է Սերժ Սարգսյանի համար: Այս առումով ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է. «Իրական աղոթողները երբեք չեն ասում իրենց աղոթքի մասին»: Փայլակ Ֆահրադյան

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply