Կրակոցներ թիրախների կողքով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 9, 2010 12:53

Նորայր Բախտամյան

Ապրիլի 16-24-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինը մրցատեղի կդառնա հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության անդրանիկ փուլի մասնակիցների համար: Հայաստանից այդ ստուգատեսում ուժերը կչափեն Նորայր Բախտամյանը (նկարում) և Նորայր Առաքելյանը: Ի դեպ, վերջինս երիտասարդ է, սակայն հանդես կգա մեծահասակների պայքարում: Հայաստանի ներկայացուցիչները կմրցեն ատրճանակով 10 մ հեռավորությունից կրակահերթերում:
Աշխարհի գավաթի խաղարկության այս մեկնարկը 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ, սակայն կարևոր է: Նախ այն առումով, որ մեր մարզիկները կփորձեն վերագտնել իրենց ինքնավստահությունը: Բացի այդ, աշխարհի գավաթի խաղարկությունում լուրջ հավակնություններ ունեցող Բախտամյանը պետք է աշխատի հաջող հանդես գալ, որպեսզի կարողանա իր համար ապահովել այս ստուգատեսի եզրափակչին մասնակցելու իրավունք: Նա նախկինում քանիցս պայքարել է աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչներում, դարձել է մրցանակակիր: Թեև աշխարհի գավաթի խաղարկության ևս երեք մրցափուլ է կայանալու, սակայն դրանցից երկուսի մրցավայրերն այնքան հեռու են, որ հազիվ թե մեր երկրի ներկայացուցիչները մասնակցեն դրանց:
Մյուս մրցափուլերն անցկացվելու են Խորվաթիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում: Այնպես որ, հեռավոր վաjրերում կազմակերպվելիք մեկնարկները, ամենայն հավանականությամբ, մերոնք բաց կթողնեն: Ինչ վերաբերում է Առաքելյանին, ապա երիտասարդ է և պետք է մրցափորձ ձեռք բերի. նրանից մեծ սպասելիքներ չկան: Իսկ Բախտամյանի առաջադրանքը լուրջ է այնքանով, որ այդ ստուգատեսի եզրափակչին մասնակցում է 8 ուժեղագույն մարզիկ: Իսկ դրանց թվում լինելու համար բավարար է հաղթել մրցափուլերից մեկում: Իսկ ընդհանրապես, հաշվարկվելու են այն միավորները, որոնք մարզիկները վաստակել են այդ մրցումներում: Ըստ այդմ էլ որոշվելու են արժանավորները: Եթե Բախտամյանին հաջողվի աչքի ընկնել Պեկինում, ապա մեր մարզիկը կարող է իրեն լիովին հանգիստ զգալ և ողջ ուշադրությունը կենտրոնացնել օգոստոսին Գերմանիայի Մյունխեն քաղաքի հրաձգարանում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստության վրա:

Ի դեպ, մրցաշրջանը նոր է սկսվել, սակայն երևում է, որ Հայաստանի նշանառուների գործերն այնքան էլ հարթ չեն ընթանում: Թվում է, թե այդպիսի բան չպետք է լինի, բայց վերջերս Նորվեգիայի Մերակեր քաղաքում կազմակերպված հրաձգության Եվրոպայի առաջնությունում մերոնք մնացել են դատարկաձեռն: Ընդ որում, Հայաստանի ներկայացուցիչները ոչ միայն անմասն են մնացել խաղարկված մեդալներից, այլև 2010-ի օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրերից:

Ի դեպ, մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում նոր հրաձգարանի կառուցումից հետո տպավորոթյուն է ստեղծվել, թե մեր մարզիկները կատարյալ պայմաններ ունեն, և նրանց ոչինչ չի կարող խանգարել միջազգային կարևոր մեկնարկներին նախապատրաստվելու և բարձր արդյունքներ ցույց տալու համար:

Մինչդեռ, արդեն սովորական է դարձել, որ Հայաստանի հավաքականը հրաձգության ամենաներկայացուցչական մրցաշարերում հրացանով մրցաձևերում մասնակիցներ չի ունենում: Պատճառը մեկն է` մերոնք հրացանով մրցաձևերը թանկ հաճույք են համարում: Փող պետք է ծախսել զենք, զինամթերք, մարզիկների հանդերձանք, անհրաժեշտ մի շարք այլ սարքեր գնելու համար: Եվ, հարցի լուծման համար որևէ միջոց գտնելու փոխարեն, պարզապես հրաժարվել են հրացանով մրցումներին մասնակցելուց:

Իսկ ատրճանակով մրցումներում ուժերը չափելու համար համեմատաբար շատ բան չի պահանջվում: Եվ Հայաստանի հավաքականի բոլոր անդամներն էլ մրցեցին ատրճանակով 10 մ հեռավորությունից կրակահերթում: Հին աշխարհամասի առաջնությունում կրակագիծ դուրս եկած մեր երկրի չորս մարզիկներից ամենամեծ սպասելիքները Բախտամյանի հետ էին կապվում: Ինչպես հայտնի է, նա մեր ամենատիտղոսավոր նշանառուն է: Ցանկացած մեկնարկում, անգամ օլիմպիական խաղերում, եթե նա մրցանակակիր չի դառնում, արդյունքը բավարար չի համարվում: Բնական է, խոսք անգամ չկա, որ Նորայրը պետք է եզրափակիչ մտնի: Իսկ այս անգամ նա այդ էլ չկարողացավ անել, այսինքն` 8 լավագույնների թվում մեդալների համար պայքարողների մեջ չէր:Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հայտնեց, որ դրա պատճառն այն է, որ Բախտամյանն իր ատրճանակով չի կարողացել մասնակցել Եվրոպայի առաջնությանը. խանգարել է այն հանգամանքը, որ նա զենքը թողել է Քուվեյթում:

Բախտամյանն աշխատում է Հայաստանի ոստիկանական համակարգում: Եվ Հայաստանի ներկայացուցիչները, երբ փետրվարին մասնակցել են ոստիկանների աշխարհի առաջնությանը, մեր մարզիկը պարգևների է արժանացել: Սակայն վերադարձին նրան չեն թողել զենքն իր հետ բերել Հայաստան, խոստացել են ուղարկել: Եվ նրա ատրճանակը ժամանակին տեղ չի հասել, մարզիկը փաստի առաջ է կանգնել: Նորայրն էլ Եվրոպայի առաջնությանն ուրիշ զենքով է մասնակցել, որին սովոր չէր: Գաղտնիք չէ, որ ամեն մարզիկ վարժվում է նույն զենքով հանդես գալուն: Հայաստանի ներքին գործերի գերատեսչությունն է այդ հարցով զբաղվել, և դժվար է ասել, թե ինչու նա իր զենքը իր հետ հետ չի բերել: Մարզիչն էլ դժվարացավ այդ կապակցությամբ որևէ բան ասել: Փաստն այն էր, որ նա մեկ ամսից ավելի, Եվրոպայի առաջնության շեմին, իր զենքով չի պարապել, և հայտնի էլ չէ` ատրճանակը հետ ստանալո՞ւ է, թե՞ ոչ:

Իսկ ահա մեր մյուս մարզիկները պարզապես չէին արդարացրել սպասելիքները: Առաջին հերթին նկատի ունենք Ռոմիկ Վարդումյանին: Այս երիտասարդ հրաձգի հետ մեծ հույսեր են կապում, սակայն նա չկարողացավ Նորվեգիայում սինգապուրյան պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի տիրանալ: Ռոմիկը երիտասարդ 65 մարզիկների պայքարում բավարարվեց 8-րդ տեղով: Մինչդեռ խաղերի մասնակիցների թվում հայտնվելու համար անհրաժեշտ էր 1-6-րդ տեղերը զբաղեցնել: Իսկ այս մարզիկը միակն էր, որ Հայաստանի ներկայացուցիչներին ուղեգիր բերելու հույսեր էր ներշնչում: Այժմ հայտնվել ենք անմխիթար վիճակում: Միակ տարբերակն այն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դիմի Միջազգային օլիմպիական կոմիտեին, խաղերի կազմակերպիչներին, որպեսզի նրանք հրավերով թույլ տան մեր մարզիկին մասնակցել այդ ստուգատեսին, բայց դրա հավանականությունը չնչին է:

Ինչ վերաբերում է մեր երկրի մյուս երիտասարդ հրաձիգներին, ապա նրանք ավելի վատ մրցելույթներ ունեցան: Նորայր Առաքելյանը հանգրվանեց աղյուսակի 16-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Նիկողոսյանը 40 մարզուհիների պայքարում 26-րդն էր:
Հրաձգությունը նուրբ մարզաձև է, և ուշադրությունն անգամ մի փոքր նվազեցնելու դեպքում, կարելի է տարբեր խնդիրների բախվել: Մինչդեռ, դրանք մեր մարզիկներից անպակաս են:

Արդեն նշվեց, որ զենքերը մի երկրից մյուսը տեղափոխելիս մերոնք նախկինում էլ քանիցս արկածներ են ունեցել: Ոչ միշտ է, որ մարզիկներն ապահովված են լինում համապատասխան զենքերով ու փամփուշտներով: Այս մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը մեզ հայտնեց, որ ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես գալու տարիներին ռազմական գործարանում իր զենքի համար հատուկ փամփուշտներ էին պատրաստում: Ինչ վերաբերում է ներկայիս հնարավորություններին, ապա այժմ փամփուշտների պակաս կա: Նույնիսկ դրսում ուսումնամարզական հավաքի կազմակերպումը, միջազգային ստուգատեսներին մասնակցությունը խնդիրների հետ է կապված: Այս մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչը. «Նախատեսվում է ուսումնամարզական հավաք անցկացնել միայն աշխարհի առաջնությունից առաջ: Այս տարի ֆինանսական դժվարություններ ունենք: Հայաստանի հրաձգության ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով 26 մլն դրամ է ստացել` նախորդ տարվանից 3 մլն դրամով պակաս: Այնպես որ, ստիպված ենք մի շարք կարևոր մրցումների չմասնակցել և կրճատել ուսումնամարզական հավաքների թիվը: Մասնավորապես, արդեն բաց ենք թողել Գերմանիայի Մյունխեն քաղաքի հրաձգարանում անցկացված միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցել են աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն մարզիկները»:

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply