Ադրբեջանի Գուբա քաղաքում ձերբակալված լրագրողները պայմանական ազատազրկամն են դատապարտվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 14:15

Ադրբեջանի Խաչմազի շրջանային դատարանը մարտի 15-ին հրապարկել է Գուբա քաղաքում 2012թ.-ի մարտի 1-ին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձերբակալված անձանցից 6-ի դատավճիռները, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:

Գուբայի “Խայալ” հեռուստաալիքի գործադիր տնօրեն Վյուգար Գոնագովը և հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Զաուր Գուլիևը դատապարտվել են յուրաքանչյուրը 3 տարվա պայմանական ազատազրկման:

Գուբայի նախկին քաղաքապետ Էլխան Ալիևը դատապարտվել է  5 տարվա ազատազրկման, Պետական գույքի կառավարման հանձնաժողովի Գուբայի  բաժանմունքի նախագահ Զաքիր Մամեդովը՝ 4 տարվա ազատազրկման, քաղաքի ավտոլցակայաններից մեկի տերը`Գյուլագու Ագաևը, ու նրա թոռը՝ Մուխթար Ալեքփերովը, համապատասխանաբար 3,5 ու 2,5 տարվա ազատազրկման: Վերոնշյալ մեղադրյալներից 5-ը մեղավոր են  ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 233 (հասարակական կարգի խախտմանն  ուղղված գործողություններ կազմակերպելը) և 309.2 (ծառայողական լիազորությունները չարաշահելը) հոդվածների հատկանիշներով: Իսկ Մուխթար Ալեկպերովը մեղավոր է ճանաչվել 186.2.2 (ուրիշի գույքը հրկիզման միջոցով ոչնչացնելը, որը մեծ չափերի վնաս է պատճառել) հոդվածի հատկանիշներով:

Հավելենք, որ Գուբայում տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ դատավճիռ էր կայացվել  ընդհանուր   30 մարդու նկատմամբ: Ընդ որում՝  նրանցից  10-ը դատապարտվել են իրական ազատազրկման:

Հիշեցնենք, որ Գուբայում մարտի 1-ին շրջանի ղեկավար Ռուաֆ Հաբիբովի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք վերաճեցին անկարգությունների: Բողոքի ակցիաների համար պատճառ էր հանդիսացել Գուբայի շրջանի բնակչների հասցեին Հաբիբովի թույլ տված վիրավորական արտահայտությունները: Նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում դժգոհել էր գուբացիներից՝ ասելով, որ “նրանք դավաճաններ են, որոնք պատրաստ են 30 մանաթով վաճառել իրենց հողատարածքները և հեռանալ շրջանից”:

Քաղաքի բնակիչները դրանից հետո  հավաքվել էին Հաբիբովի նստավայրի մոտ և պահանջել էին, որ նա գա, ներողություն խնդրի ու հրաժարական տա: Հաբիբովը ստիպված էր եղել ներողություն խնդրել, ակցիայի մասնակիցները, սակայն, այդ ամենը բավարար չէին համարել, մտել էին նրա նստավայր, քարուքանդ արել նրա գրասենյակը, այնուհետ հրկիզել էին Հաբիբովի առանձնատունը: Ձերբակալվել էր մոտ 200 մարդ, այդ թվում՝ լրագրողներ:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply