Անցում ամառային ժամերին. ինչպե՞ս այն կանդրադառնա ձեր առողջության վրա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 5, 2010 12:38

Մարտի 27-28 գիշերը Հայաստանը, «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի համաձայն, անցավ ամառային ժամերին: Ժամերի փոփոխության այս համակարգը գործում է աշխարհի ավելի քան 110 երկրում: Առաջին անգամ այն սկսել են կիրառել Մեծ Բրիտանիայում? 1908 թվականին:

Ամառային և ձմեռային ժամերին անցնելն արդեն քանի տասնամյակ խոսակցությունների և վեճերի պատճառ է դարձել: Ոմանք կողմ են ժամերը փոխելուն: Նրանք պնդում են, որ դա դրական ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա, քանի որ հնարավորություն է տալիս խնայելու էլեկտրաէներգիան և բնական պաշարները: Շատերն էլ պնդում են, որ ժամային փոփոխությունները վնաս են առողջության համար:

Առաջին հայացքից ժամերի փոփոխվելը մի աննշան մանրուք է, բայց, իրականում, գրեթե բոլոր մարդիկ ամառային կամ ձմեռային ժամերին անցնելիս որոշակի անհարմարություն են զգում, ոմանք`  շատ, ոմանք`  քիչ: Շատերի համար ժամ փոխելը միայն մի քանի օրվա քնի խախտում է և աշխատունակության անկում, ուրիշների համար էլ` զարկերակային ճնշման ուժեղ տատանումներ և սրտանոթային համակարգի խնդիրների սրացում:

Մասնագետներն ասում են, որ ժամերի և օրվա գրաֆիկի փոփոխություններն իրոք մեծ սթրես են մարդու օրգանիզմի համար, քանի որ ստիպում են մարդուն արթնանալ սովորականից մի ժամ շուտ (կամ ուշ) և արհեստականորեն փոխում են մարդու բնական կենսառիթմերը: Մարդու օրգանիզմը սովորում է արթնանալ ինչ-որ որոշակի ժամին և, ըստ այդմ էլ` կարգավորում իր գործունեությունը: Եվ հանկարծ նրան ստիպում են արթնանալ ավելի շուտ… Զարմանալի չէ, որ օրգանիզմին դա այնքան էլ դուր չի գալիս: Բացի այդ, ժամերի ամառային-ձմեռային անցումները տեղի են ունենում գարնանը և աշնանը, երբ մարդու օրգանիզմն ավելի թույլ է և զգայուն:

Կենսառիթմերի շեղումը, ըստ մասնագետների, կարող է օրգանիզմում լուրջ շեղումների և խնդիրների (նույնիսկ նորագոյացությունների առաջացման) պատճառ դառնալ: Ժամերի փոփոխություններից առաջին հերթին տուժում են նյարդային և սրտանոթային համակարգերը: Ըստ ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի տվյալների? ամառային ժամերին անցնելուց հետո 5-6 օրվա ընթացքում սրանում են սրտանոթային խնդիրները, մանավանդ մեծահասակների մոտ, իսկ ինֆարկտների թիվը մեծանում է 1,5 անգամ: Մոտ 11%-ով մեծանում է նաև շտապօգնության կանչերի թիվը, ընդ որում` կանչերի մեծ մասի պատճառը  հենց սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներն են:

Հետաքրքիր է նաև, որ կենսառիթմերի խախտման հետևանքով այն երկրներում, որտեղ  գործում է ամառային-ձմեռային ժամանակի անցնելու համակարգը, անցման օրերին նկատելիորեն մեծանում է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Ասում են նաև, որ  անցման օրերին ուժեղանում են դեպրեսիաները, և դրանց պատճառով կատարվող ինքնասպանությունների թիվն աճում է 66%-ով:

Այն, որ ամառային ժամերին անցնելն առողջական խնդիրների լուրջ պատճառ է, արդեն ապացուցված փաստ է: Հենց այդ պատճառով էլ մի շարք զարգացած երկրներում (այդ թվում նաև Ճապոնիայում) ժամերը երբեք չեն փոխվում: Իսկ Ռուսաստանում արդեն սկսել են քննարկել այն հարցը, թե իրո?ք տնտեսական շահերն այնքան մեծ են, և չարժե՞ արդյոք հրաժարվել այս համակարգից:

Հայաստանում, ցավոք, այսպիսի քննարկումներ դեռ չկան: Իսկ մինչև դրանք սկսելը, նշված բոլոր բացասական հետևանքներից հնարավորինս խուսափելու համար, բժիշկները խորհուրդ են տալիս առաջիկա օրերին շատ հանգստանալ և աշխատել չնյարդայնանալ: Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար լավ կլինի շատ թարմ մրգեր ուտել և բնական հյութեր խմել:

Դիտվել է 2399 անգամ:
Print Friendly

Leave a Reply