Վեհամոր Ավետարանը մի խառնեք շարժմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 16, 2013 11:44

15 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ակցիայի հինգերորդ օրն էր: Առավոտյան մեկօրյա հացադուլով Հովհաննիսյանին էր միացել բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը: Օրվա ընթացքում հայտնի դարձան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարածված հաղորդագրությունը եւ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի հարցազրույց-անդրադարձը «Ժառանգություն» կուսակցության նամակին: Երկու տեղեկություններին էլ երեկոյան գումարված հանրահավաքում անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ի պատասխան Էջմիածնից տարածված հաղորդագրության, թե «փորձ է արվում այսօր քաղաքական  շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին եւ անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը», Հովհաննիսյանը հայտարարեց, որ շարժումը երբեք քաղաքական շահարկման չի դիմել եւ կոչ արեց «Վեհամոր Ավետարանը չմտցնել այս քաղաքացիական պայքարի մեջ»:

Ի պատասխան ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի մեկնաբանությունների, թե ՀՀ նախագահական ընտրություններից Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ սպասումներ է ունեցել եւ ինչ արդյունքներ են ստացվել, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ինքը ինչ գիտի, որ ես նախատեսել էի 20 տոկոս եւ հիմա ուրախ պետք է լինեմ 37-ով: Նա ո՞ւմ հուշագիրն է կարդում…»:  Հովհաննիսյանը կրկնեց ԵԺԿ նախագահին ուղարկված նամակի միտքը, որ եթե «ԵԺԿ նախագահի դիրքորոշումը դառնա այդ կուսակցության մոտեցում, ապա «Ժառանգությունը» կվերանայի իր անդամակցությունը այդ կեղծ, հակաեվրոպական կառույցի մեջ»:

Հանրահավաքի մյուս բանախոսների թվում էին Նիկոլ Փաշինյանը, Գարեգին Չուգասզյանը, Սուրեն Զոլյանը, Արմեն Պողոսյանը, Արսեն Ղամբարյանը, Ռաֆայել Համբարձումյանը եւ այլոք:  Հրապարակը հավանությամբ վերաբերվեց Փաշինյանի առաջարկին՝ դիմելու աշխարհահռչակ սփյուռքահայերին համաժողովրդական շարժմանը միանալու կոչով:

Որոշվեց կիրակի օրվանից սկսյալ Ազատության հրապարակում գումարել քաղաքացիական ֆորումներ:

Իսկ վաղը, մարտի 16-ին, ժամը 17:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է բացօթյա հավաք-համերգի Ազատության հրապարակում, որտեղ կենդանի կատարումներով հանդես կգան «Ոստան Հայոց» եւ «Որդան կարմիր» ռոք-համույթները

Դիտվել է 2056 անգամ:
Print Friendly

Leave a Reply