Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 16, 2013 11:23

Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Արցախի նախագահը, ողջունելով Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հարաբերությունների զարգացման ընթացքն ու ընդլայնման և խորացման գործնական միտումները` կարևորել է Երևանի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե, առհասարակ, Արցախի համար:
“Շատ կարևոր է, որ Երևան-Ստեփանակերտ համագործակցությունը չի սահմանափակվում քաղաքապետերի պաշտոնական հանդիպումներով, այլ կրում է հստակ գործնական բնույթ, որի արդյունքում բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվել, ինչը իսկապես գնահատելի է և առաջին հերթին ի ցույց է դնում այն հատուկ վերաբերմունքը, որը, պարոն քաղաքապետ, դրսևորվում է անձամբ ձեր կողմից”,-ընդգծել է Բակո Սահակյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատականի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև դեռ անցած տարվա սեպտեմբերին կնքված համագործակցության ծրագրով տարբեր ոլորտներում կյանքի կոչված նախագծերն ու աշխատանքները, ինչպես նաև 2013-ին նախատեսված անելիքները: Քաղաքապետը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևան քաղաքապետարանի պատրաստակամությունը  ԼՂՀ այլ քաղաքների հետ ևս ակտիվ համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու հարցում:
“Մեզ համար ևս անչափ կարևոր է առարկայական և շոշափելի դարձնել մեր համագործակցությունը, ավելին, Երևանի և Ստեփանակերտի հարաբերությունները, ըստ իս, ոչ միայն գործընկերային պետք է լինեն, այլև իրենց հիմքում պետք է կրեն հարազատության բոլոր բաղադրիչները: Մենք այսպիսին ենք պատկերացնում մեր գործակցությունը ու  դրանով առաջնորդվելով էլ փորձում ենք օր առաջ մեր գործընկերներին փոխանցել այն փորձը, որ ունի Երևանը’,-նշել է Տարոն Մարգարյանը, նաև տեղեկացնելով, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել Արցախի այլ քաղաքներին գործնական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, ի մասնավորի նշելով, Շուշիին ցուցաբերված աջակցության օրինակը:
Կարևորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի Արցախի քաղաքների զարգացման հարցում ցուցաբերած պատրաստակամությունն ու գործնական քայլերը` նախագահ  Բակո Սահակյանը բարձր է գնահատել նաև Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների  այցերի կազմակերպումը, ինչպես նաև քաղաքապետի այցը այդ զինծառայողներին` այն որակելով որպես բարոյահոգեբանական հզոր աջակցություն հայ զինվորին` նրա մարտական ոգու ամրապնդման հարցում:
Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ նման ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Հանդիպման շրջանակում ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում “Ազատամարտիկների այգու” բարեկարգման ծրագրի նախագիծը:

Արցախի նախագահը ողջունել է նախաձեռնությունը և հույս հայտնել, որ այն հնարավորին կարճ ժամկետում իրականություն կդառնա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply