Ադրբեջանը մտադիր է երկրից վտարել իրեն ոչ ձեռնտու օտարերկրյա ՀԿ-ները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 17:54

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը օտարերկրյա հասարակական կազմակերպություններին մեղադրել է ոչ պրոֆիլային գործունեության և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:

“Ներկայում արդարադատության նախարարությունում գրանցվել են ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ: Կան նաև չգրանցված կազմակերպություններ, որոնք իրականում գործում են, սակայն նրանց գործունեությունը կասկածի տեղիք է տալիս”, -ասել է Մեհթիևը «Ազերթաջ» գործակալությանը տված հարցարզրույցում:

Մեհթիևը կասկածով է վերաբերվել նաև այդ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններին՝ նշելով, որ հստակ չէ՝  ինչ նպատակներով են ծախսվում նրանց դրամաշնորհների և միջազգային դոնորների նվիրատվությունների մեծ մասը:

Ըստ նրա՝ միջազգային մի շարք հասարակական կազմակերպություններ զբաղվում են իրենց լիազորություններից դուրս և ոլորտին չառնչվող հարցերով: Այսպես՝ Մեհթիևի խոսքով՝ մարդասիրական մի շարք կազմակերպություններ զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ:

Մեհթիևը անդրադարձել է նաև ադրբեջնական մամուլում օրերս տարածված տեղեկությանը, որ ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի  Ադրբեջանի ներկայացուցչությունը գործունեություն է ծավալում՝ ուղղված երկրի հասարակական-քաղաքական կայունության խաթարմանը:

Ըստ նրա՝ ամերիկյան այս կազմակերպությունը միակը չէ, որին կարող է սպառնալ Ադրբեջանից վտարումը: Պաշտոնյան թեև կոնկրետ անուններ չի նշել, հավաստիացրել է, որ արդարադատության նախարարության ուսումնասիրության արդյունքում հնարավոր է՝ նրանց մի մասի նկատմամբ լուրջ քայլեր կձեռնարկվեն:

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply