Ուսանողական հավաքականը` Հայաստանի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 15, 2013 16:15

Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտված մինչև 19 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության չեմպիոն դարձավ  նորաստեղծ Ուսանողական հավաքականը (մարզիչ`Աստղիկ Գյուրջինյան), որը վերջին խաղում 28:23 հաշվով առավելության հասավ ԼՂՀ-ի ընտրանու նկատմամբ: Ինչպես նախորդ երկու խաղերում արցախցիները համառ պայքար մղեցին: Այս հանդիպման առաջին կեսում նրանք մրցակցին զիջեցին երեք գնդակի տարբերությամբ (10:13) և հետո չկարողացան կորցրածը ետ բերել: ԼՂՀ-ի ներկայացուցիչները եզրափակեցին աղյուսակը:

Դրամատիկ պայքար ծավալվեց Վանաձոր – ՀՄԴ  մրցամարտում: Բանն այն է, որ հաղթողը դառնում էր  2-րդ մրցանակակիր: Վանաձորցիները հանգստի գնալուց առաջ առջևում էին 17:14 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում ՀՄԴ-ի ներկայացուցիչներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Եվ խաղավարտից 30 վայրկյան առաջ հաշիվը հավասար էր` 30:30: Բայց Վանաձորցիները մարզահրապարակում մեկ հանդբոլիստ պակաս ունին: Այդ հեռացումն էլ պարտվելու պատճառ դարձավ: Նրանք գնդակ բաց թողեցին և չհասցրեցին արդյունավետ եզրափակել գրոհը: Ի վերջո, ՀՄԴ-ն հաղթեց 31:30 հաշվով: Այսպիսով, Վանաձորի հավաքականը ստիպված էր բավարարվել 3-րդ տեղով:

Առաջնության գլխավոր մրցավար Արսեն Մխիթարյանն ուրախալի համարեց, որ 19 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնություն է կազմակերպվում: Բանն այն է, որ այդ տարիքի մարզիկները զորակոչվում են բանակ, հանդբոլիստները քիչ են: Նա նշեց, որ խաղացողների պատրաստականության մակարդակը ցանկալի է, որ ավելի բարձր լինի, որպեսզի այս տարիքի մեր խաղացողները եվրոպական ստուգատեսներում կարողանան հանդես գան:Իսկ դրա համար պետք է նրանք տարվա ընթացքում ավելի շատ խաղեր անցկացնեն, մրցափորձ կուտակեն: «Խաղերը սպասարկող երիտասարդ մրցավարները ևս անելիք շատ ունեն: Նրանք սխալներ թույլ տալիս էին, սակայն դրանք միտումնավոր չէին, մրցակից երկու կողմերն էլ տուժում էին: Բայց պետք չէ շատ խիստ լինել, նրանց համար ևս մրցաշրջանը նոր է սկսվում և կարելի է լրացնել բացը: Առաջիկայում էլ Հայաստանի հանդբոլի  ֆեդերացիան Երևանում սեմինար է կազմակերպելու, որը վարելու են ճանաչում ունեցող օտարերկրացի  լավագույն մասնագետները»,- ասաց Մխիթարյանը:

Մարտի 20-ին ՖԻՄԱ-ի մարզասրահում կմեկնարկի 1997 թ. ծնված հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը:

Դիտվել է 672 անգամ:
Print Friendly

Leave a Reply