Թուրքերը փորձում են վարկաբեկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2013 17:42

  Այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ նոր Հռոմի պապի անունը, թուրքական մամուլը սկսել է անդրադառնալ պապի՝ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշմանը: Ահա «CNN Türk»-ի Լոնդոնի թղթակից Մեթին Գյունեշի հոդվածում ակնհայտ երևում է թուրքական կողմի անհանգստությունը այս հարցի առնչությամբ:

Հայտնի է, որ նախկինում Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլոն, այժմ արդեն կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, 2006 թվականին Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ Թուրիքային կոչ է արել ճանաչելու «Օսմանյան Թուրքիայի՝ հայ ժողովրդի և ողջ մարդկության առաջ գործած ծանրագույն հանցանքը»:

Հոդվածագիրը մատնանշում է պապի գործունեությունը 1976-1986 թվականների «Արգենտինայի կեղտոտ պատերազմի» տարիներին, որը մղվում էր Ֆոլկլենդյան կղզիների համար: Այն ժամանակ իշխանության գլխին գտնվող զիվորական խունտայի ջանքերով անհետացան (նրանց կապված ձեռքերով և ոտքերով նետում էին Պլատե գետը կամ Ատլանտյան օվկիանոս) մոտ 30 հազար մարդ: Հոդվածագիրը նշում է, թե պապը այն ժամանակ իր աչքի առաջ տեղի ունեցող հանցագործությունների և բռնության դեմն առնելու համար ոչինչ չի ձեռնարկել և լուռ է մնացել:

Ակնհայտ է, որ թուրքական միջավայրում անհանգստություն կա, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր հայամետ դիրքորոշմամբ կարող է աջակցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Հետևաբար զարմանք չի առաջացնում, որ թուրքերը սկսել են հետաքրքրվել պապի անցյալով՝ հույս ունենալով ի հայտ բերել որևէ վարկաբեկիչ փաստարկ և հեղինակազրկել կաթոլիկ աշխարհի նոր առաջնորդին:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply