Մարդու իրավունքների վիճակը Բնապահպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույցը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 15, 2013 16:00

Բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

Առկա էին բազմաթիվ չլուծված խնդիրներ կապված` Նախարարության կողմից վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումը և փոխադրումը խախտումներով իրականացնելու հետ:

Ստացվել են բնապահպանական մի շարք ոլորտներին վերաբերող բազմաթիվ դիմում-բողոքներ` ծառահատումների, մթնոլորտային օդի աղտոտվածության, գետերում ջրերի և/կամ ձկների թունավորման, ապօրինի որսի և փայտանյութի առգրավման, վտանգավոր նյութերի և թափոնների, թունավոր արտանետումների հետ կապված:

Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պար­տա­վո­րությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրն ըստ էության չի կատարվել, մասնավորապես, չի իրագործվել ոլորտում առկա իրավահարաբերությունների հստակ կարգավորումը:

Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել ՀԷԿ-երից ջրառի վերաբերյալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Նախարարության կողմից չի իրականացվել ոլորտում առկա խախտումների պատշաճ արձագանքմանն ու լուծմանն ուղղված հետևողական քաղաքականություն:

Խիստ մտահոգիչ էին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության հետևանքով տնտեսվարող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի բազմաթիվ դեպքերը:

Շարունակում է չլուծված մնալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափանիշների մշակման, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասի հայտնաբերման և օրինախախտների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների կիրառման խնդիրը:

Դեռևս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը, ինչի վերաբերյալ առկա են եղել բազում ահազանգեր բնապահպանների կողմից:

Մտահոգության տեղիք է տալիս, որ Նախարարությունը մինչ օրս նախաձեռնողական մոտեցում չի ցուցաբերել իր ենթակայության տակ գտնվող տարածքների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում`  արգելոցներում որսի դեպքերը բացահայտելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով:

Շարունակում է չլուծված մնալ ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ պատշաճ հանրային քննարկումների կազմակերպան խնդիրը, որի հետևանքով հանրության մասնակցությունը հաճախ ձևական բնույթ է կրել:

Արձանագրված դրական զարգացումները

Միջոցներ են ձեռնարկվել հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման իրականացման ուղղությամբ:

Իրականացվել է բնապահպանական պետական տեսուչներին պաշտոնում նշանակելու հստակ չափորոշիչների մշակում՝ համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի:

Միջոցներ են ձեռնարկվել համապատասխանեցնելու օրենսդրությունը Օրհուսի կոնվենցիայի դրույթներին:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply