1921 թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 20, 2013 14:06

Այն ժամանակ, երբ Հայաստանում ժողովուրդը Հայրենիքի փրկության կոմիտեի առաջնորդությամբ ոտքի էր կանգնել` տապալելու բոլշևիկների իշխանությունը և երկիրն ազատագրելու ստրկական լծից, Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանը «եղբայրաբար» վաճառքի էր հանում Հայաստանի առանց այն էլ բզկտված հողը:

Դժվար է պատկերացնել ավելի հայատյաց և հայասպան փաստաթուղթ, քան 1921 թ. մարտի Մոսկվայի և հոկտեմբերի Կարսի պայմանագրերն են:

Այսօր Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին խոսելն արդիական է երկու պատճառով. նախ` որքան էլ տարօրինակ է, Հայաստանի Հանրապետության իշխանությունները հիշյալ պայմանագրերի մասին միջազգային որևէ ատյանում չեն արտահայտել մեր պետության դիրքորոշումը: Երկրորդ` մինչ օրս մենք պատմությունից չենք կարողանում դասեր քաղել. խոսքը մերօրյա Հայաստանի` քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում ռուսական սայլին լծվելու մասին է: Որքանո՞վ է դա արդարացված. մի՞թե հիշյալ պայմանագրերը դաս չեն մեր հետագա կողմնորոշման համար: Նաև տեղին է մատնացույց անել որոշ քաղաքական ուժերի և անհատների, որոնք դեռևս տառապում են «խորհրդային լավ ժամանակների մասին» հուշերով` մոռացության տալով համայնավարական իշխանությունների ծրագրած և իրականացրած բազում հակահայ գործողություններ, որոնց «պսակը» վերոհիշյալ պայմանագրերն են:

1920 թ. Հայաստանի Հանրապետությունը ծանր օրեր էր ապրում: Մայիսյան խռովության ճնշումից հետո թուրք-ռուսական ճնշումը Հայաստանի Հանրապետության վրա ավելի էր ուժեղանում: Միջպետական հարաբերությունները կարգավորելու նպատակով հուլիս-օգոստոս ամիսներին Մոսկվայում բանակցություններ էին ընթանում Քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի իշխանությունների միջև:

Ռուսական կողմից բանակցությունները վարում էին արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը և նրա տեղակալ, հայազգի Լևոն Կարախանը, Թուրքիայի կողմից` պատվիրակության ղեկավար Բեքիր Սամին և Յուսուֆ Քեմալ բեյը: Բանակցությունների արդյունքում թուրքական կողմը  Խորհրդային Ռուսաստանից օգնություն ստացավ 5 միլիոն ռուբլի` ոսկով և ռազմամթերք` հրացաններ, հրանոթներ, գնդացիրներ, օդանավեր, ավտոմեքենաներ, կապի միջոցներ, որոնք օգտագործվեցին 1920 թ. սեպտեմբերին սկսված թուրք-հայկական պատերազմի ժամանակ:

Այսինքն` Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը զինեց իր դարավոր թշնամի Թուրքիային իր դարավոր հավատարիմ բարեկամ հայ ժողովրդի դեմ: Եվ հենց ռուսական զենքով թուրքերը հաղթահարեցին հայկական բանակի դիմադրությունը:

Թուրքիան այս բանակցությունների ժամանակ դրել էր նաև տարածքային խնդիրներ: Մասնավորապես, Հայաստանի հաշվին թուրքերը ցանկանում էին Նախիջևանի վրայով շփման գոտի ստեղծել իրենց և Կարմիր բանակի միջև` պնդելով նաև, որ Խորհրդային Ռուսաստանը ստիպի բանակցությունների համար Մոսկվայում գտնվող Լևոն Շանթի ղեկավարած Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը` ընդունելու Բրեստ- Լիտովսկի պայմանագրի կետերը:

Չկարողանալով համաձայնության գալ Չիչերինի հետ` Բեքիդ Սամին հանդիպեց Վլադիմիր Լենինի հետ, որի արդյունքում բոլշևիկյան Ռուսաստանը համաձայնեց, որ թուրքական զորքերը զբաղեցնեն նաև Սարիղամիշը: Խորհրդային Ռուսաստանը ճանաչեց նաև Թուրքիայի իրավասությունը Կարսի, Արդահանի վրա, որն էլ սրբագրվեց 1921 թ. մարտի16-ի Մոսկվայի պայմանագրով:

1920 թ. սեպտեմբերի 1-7-ը Բաքվում կայացավ Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որին, ի դեպ, մասնակցում էին նաև բազմաթիվ հայ բոլշևիկներ: Ժողովը Գ. Զինովևի գլխավորությամբ սրբագրեց արդեն Մոսկվայում կայացած ռուս-բոլշևիկյան նախնական համաձայնագիրը և բանաձևեց, որ «ՀՀ կառավարությունը միջազգային իմպերիալիզմի գործակալն է և հայ ժողովրդի դահիճը»: Դրանից հետո համագումարին ներկա քեմալական պատվիրակության ղեկավարը հեռագրեց Անկարա. «Ճանապարհն ազատ է»: Բաքվի համագումարում հայ բոլշևիկները հստակ ցուցումներ ստացան թուրք-ադրբեջանցի և ռուս ավագ եղբայրներից` առաջիկա պատերազմում թիկունքից քայքայելու հայկական ճակատը:

Ռուսները, Հայաստանի դիվանագիտական մեկուսացումից զատ, էական նյութական օգնություն ցույց տվեցին Թուրքիային: Թուրք-հայկական պատերազմից առաջ Խորհրդային Ռուսաստանը Թուրքիային մատակարարեց 400 հրանոթ, 100.000 հրացան, 500 գնդացիր, 200 դաշտային հեռախոս, ռադիոկայաններ, ինքնաթիռներ, վառելիք, 100.000 զինվորական համազգեստ` 5 մլն ռուբլի ոսկով:

Մոսկվայի խորհրդա-թուրքական երկրորդ կոնֆերանսը տեղի ունեցավ 1921 թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը: Խորհրդային Ռուսաստանի կողմից բանակցությունները վարում էին Գ. Չիչերինը, Ջ. Ղորխմազովը, Թուրքիայի կողմից` Յուսուֆ Քեմալ բեյը, Ռզա Նուրի բեյը, Ալի Ֆուադ փաշան:

Խորհրդային Ռուսաստանը բանակցություններին նաև Խորհրդային Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին ներգրավելու թույլ փորձեր արեց, բայց թուրքական կողմը ջանադրաբար առարկեց` նպատակ ունենալով Անդրկովկասյան հանրապետությունների հետ կնքել անջատ (սեպարատ) հաշտություն:

Հայկական ԽՍՀ պատվիրակությանն անգամ թույլ չտրվեց մասնակցել քննարկումներին: Փաստորեն, հայ բոլշևիկները կատարելով իրենց հուդայական սև գործը, մնացին պատի տակ` լքված ու արհամարհված: Ինչպես արժանի է յուրաքանչյուր դավաճանի, Մոսկվայի կառավարությունը նրանց օգտագործեց ու անտեսեց:

Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմի տեղակալ հայազգի Լևոն Կարախանը նույնիսկ Մոսկվայի կոնֆերանսի նախօրեին խաբեությամբ Ալեքսանդր Բեկզադյանից վերցնում է այն փաստաթուղթը, որ Հայաստանի պատվիրակությունը ցանկանում էր ներկայացնել կոնֆերանսին: Լևոն Կարախանն այդ քայլն անում է, որպեսզի Բեկզադյանը չկարողանա հրապարակել փաստաթուղթն ու դրանով խառնել ռուս- թուրքական պլանները: Կարախանն այս փաստաթղթերը Բեկզադյանին վերադարձրեց միայն Մոսկվայի պայմանագրի ստորագրումից 25 օր հետո:

Բանակցությունների հիմքում ընկած էր 1920 թ. վերոնշյալ խորհրդա-թուրքական համաձայնագիրը: Սակարկություններ առաջացան հիմնականում հողային հարցի վերաբերյալ: Թուրքերը հիմնականում հավակնում էին Կարսի, Բաթումի մարզերին, Սուրմալուին, Նախիջևանին: Միաժամանակ նրանք ձեռնարկեցին գործուն քայլեր` այդ հողերը գրավելու համար: Մասնավորապես թուրքական զորամասեր հայտնվեցին Նախիջևանում: Վրաստանի մենշևիկյան կառավարության համաձայնությամբ` թուրքերը մարտի 11-ին մտան Բաթում: Սակայն հասկանալով, որ Բաթումի և Նախիջևանի հարցերում Խորհրդային Ռուսաստանը չի զիջելու, թուրքերը որոշ առումներով չափավորեցին իրենց ախորժակը, որպեսզի ապահովեն Ռուսաստանի հետագա բարյացկամությունն ու օգնությունը:

Երկար բանակցություններից հետո, կողմերը եկան համաձայնության. Բաթումը մնում էր Վրաստանի կազմում, բայց թուրքերին տրվում էր Բաթումի նավահանգստից օգտվելու ազատ իրավունք:

Ինչ վերաբերում է Հայաստանին, Չիչերինը հայտարարեց, որ Խորհրդային Ռուսաստանը չի առարկի, որ Թուրքիային անցնեն Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ ընկած հողերը: Այսինքն` Ռուսաստանը Կարսի մարզի հետ Թուրքիային հանձնեց նաև Սուրմալուի գավառը, որ երբեք Թուրքիային չէր պատկանել: Թուրքերը պնդեցին նաև, որ Նախիջևանը չմտնի Հայաստանի կազմի մեջ, այլ միանա Խորհրդային  Ադրբեջանին: Խորհրդային Ռուսաստանը չմերժեց իր թուրք եղբայրների նման «չնչին» խնդրանքը ևս: Նույն Թուրքիայի պնդմամբ` Նախիջևանի նահանգին միացվեցին նաև Դարալագյազը և Երևանի գավառի մի մասը` մինչև Արարատ, որպեսզի Թուրքիան սահման ունենա Նախիջևանի հետ:

Սրանով ամբողջացավ Խորհրդային Հայաստանի արևմտյան սահմանների վերաձևումը,  և մարտի 16-ին կնքվեց «Եղբայրության և բարեկամության» դաշնագիր Քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև:

Այսինքն` այն ժամանակ, երբ Հայաստանում ժողովուրդը Հայրենիքի փրկության կոմիտեի առաջնորդությամբ ոտքի էր կանգնել` տապալելու բոլշևիկ իշխանությունը և երկիրն ազատագրելու ստրկական լծից, Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանը «եղբայրաբար» վաճառքի էր հանում Հայաստանի առանց այն էլ բզկտված հողը` հանուն համաշխարհային հեղափոխության հովերով տարված մի խումբ մոլագարների ցնորքների:

 

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 3258 անգամ:
Print Friendly

Leave a Reply